1in.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ավարտվել է Նորիկ Միրզախանյանի գործի դատավարությունը:
Ըստ դատական ակտի՝ 41-ամյա Նորիկ Միրզախանյանը 2013 թվականի մարտի 26-ին, ժամը 17-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում իր կնոջն աշխատանքի դիմաց չվճարելու հարցի շուրջ «Լիմ Լենդ» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Քարամյանի և նույն ընկերության սեփականատեր Սարգիս Սողոմոնյանի հետ պարզաբանումներ կատարելու նպատակով գնացել է Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 22 շենքի հետնամասում գտնվող խաղադաշտ:
Խոսակցության ընթացքում կողմերը հայհոյել են միմյանց, Գառնիկ Քարամյանը գլխով մեկ հարված է հասցրել Նորիկ Միրզախանյանի քթին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: 
Դրանից հետո Միրզախանյանը հանել է ապօրինի ձեռք բերած ու իր մոտ պահվող «Մակարով» ատրճանակը, մեկ անգամ օդ է կրակել, ապա ատրճանակը պահել է Գառնիկ Քարամյանի ուղղությամբ: 
Սարգիս Սողոմոնյանը կանգնել է Քարամյանի առաջ, Միրզախանյանը կրակել է Սողոմոնյանի ձախ ոտքի սրունքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: 
Այնուհետև Միրզախանյանը մեկ անգամ էլ նույն ատրճանակի կոթով հարվածել է ընկած Սողոմոնյանի գլխի աջ գագաթային շրջանին՝ պատճառելով սալջարդ վերք, որով Սողոմոնյանի առողջությանը հասցրել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Այդ հարվածից հետո Միրզախանյանը դիմել է փախուստի:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել Նորիկ Միրզախանյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:
Դատարանում Նորիկ Միրզախանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի: Նա ընդունել է, որ ապօրինի ձեռք է բերել ու դեռ Արցախյան ազատամարտի տարիներից, լինելով դրա մասնակից, իր մոտ պահել է «Մակարով» ատրճանակը:
2013 թվականի մարտի սկզբին իրենց ընտանիքն ունեցել է ֆինանսական դժվարություններ, որոնց պատճառով կինը աշխատանքի է անցել լիմոնադի արտադրամասում որպես պիտակավորող և շիշ լվացող: Մոտ 20 օր աշխատել է, նրան վճարել են 6 հազար դրամ:
Կինը որոշել է դուրս գալ աշխատանքից և արտադրամասի տնօրեն Քարամյանից վերջնահաշվարկ է պահանջել: Քարամյանն ու Սողոմոնյանը հրաժարվել են վճարել: Նրանք պատճառաբանել են, թե կնոջ աշխատանքի հետևանքով իրենք են վնասներ կրել, քանի որ նա վատ աշխատող է եղել:
Կինը պատմել է տեղի ունեցածը, ինքը զայրացել ու զանգահարել է Քարամյանին: Վերջինս զայրացած է խոսել, ինքն իրեն «լավ տղա» է անվանել: 
Ըստ Միրզախանյանի՝ ինքը վրդովվել է Քարամյանի խոսելաձևից ու ասել է՝ արդյո՞ք կնոջն աշխատեցնելն ու փող չտալը «լավտղություն» է: Քարամյանն ագրեսիվ է դարձել, հայհոյել և առաջարկել է հանդիպել արտադրամասի մոտ:
Հանդիպման գնալիս ինքը ապահով զգալու համար վերցրել է ատրճանակը:
Արտադրամասի մոտ հանդիպել է Քարամյանին ու Սողոմոնյանին: Խոսակցությունը շարունակելու համար գնացել են մոտակա խաղադաշտ: Քարամյանը հարցրել է. «Դո՞ւ էիր իմ լավտղության վրա կասկածում»: Նա հայհոյել է իր հասցեին, ապա գլխով կտրուկ հարվածել է իր քթին: Այդ հարվածից ինքը թուլացել է, իրեն դաժանաբար ծեծել են հինգ-վեց հոգի:
Հասկանալով, որ ծեծից խուսափել չի կարողանում, հետ է քաշվել, հանել է զենքն ու օդ է կրակել: Բոլորն անշարժացել են, միայն Սողոմոնյանն է առաջ եկել, ինքը կրակել է նրա ոտքերի տակ: Դրանից հետո Քարամյանն ու այնտեղ եղած այլ անձինք փախել են:
Սողոմոնյանը կռացել է, մի ոտքը ծալել, բայց ինքը չի նկատել, որ նրան վիրավորել է, նա ձայն չի հանել: Ինքը մոտեցել է, ատրճանակով հարվածել նրա գլխին ու փախել:
Ինքը Սողոմոնյանին վնասելու մտադրություն չի ունեցել: Դեպքից մի քանի օր հետո՝ ապրիլի 2-ին, կամովին ներկայացել է Երևան քաղաքի քննչական վարչություն, հանձնել է զենքը: 
Միրզախանյանը պնդել է, թե իրեն ծեծել են մի քանի հոգով, դրա համար է ինքը ատրճանակը հանել և օդ կրակել:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ Միրզախանյանին մեկ հարված է հասցրել Քարամյանը: 
Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Միրզախանյանը մեկ վնասվածք է ունեցել՝ քթի ոսկորների առանց տեղաշարժի կոտրվածք, որով նրա առողջությանը թեթև վնաս է պատճառվել:
Այս մասով Քարամյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ տուժողի բողոքի բացակայության պատճառով:
Տուժող Սողոմոնյանն ու արտադրամասի տնօրեն Քարամյանը դատարանում նշել են, թե Միրզախանյանի կինն իրենց մոտ աշխատել է մեկ շաբաթ կամ տասն օր: Նա լավ չի աշխատել, պիտակները ծուռ է կպցրել, շշեր է ջարդել, ապա ազատվել է աշխատանքից: Իրենց կարծիքով՝ իրենք իրավունք ունեին նրան չվճարելու, որովհետև վճարում են ըստ աշխատողի կատարած աշխատանքի արդյունքի:
Նրանք ընդունել են, որ իրենք են Միրզախանյանին հրավիրել այդ թեմայով «առերես» խոսելու: Խոսակցությունն էլ վարել են ոչ թե աշխատասենյակում՝ որպես պաշտոնատար անձինք, այլ գնացել են մոտակա խաղադաշտ ու քննարկել են «լավտղության» հարցերը:
Ընդ որում՝ նրանք էլ են ընդունել, որ առաջինը Գառնիկ Քարամյանն է գլխով հարվածել Միրզախանյանի քթին, քանի որ վիրավորվել է կնոջն աշխատեցնելու և չվճարելու համար իրենց «լավտղության» վրա կասկածող Միրզախանյանի արտահայտությունից:
Միրզախանյանն ատրճանակը պահել է իրեն ցավոտ հարված հասցրած Քարամյանի վրա: Այդ պահին Սողոմոնյանն անձնազոհաբար առաջ է մղվել ու իր մարմնով փակել Քարամյանին: Իսկ երբ Միրզախանյանը օդ է կրակել, Քարամյանը Սողոմոնյանին թողել ու փախել է, ու հաջորդ կրակոցից տուժել է Սողոմոնյանը:
Միրզախանյանի կինը պնդել է, որ լիմոնադի արտադրամասում աշխատել է 2013 թվականի մարտի 4-ից մինչև 23-ը: Իրեն չեն վարձատրել, ինքն էլ դուրս է եկել աշխատանքից...
Հայաստանում երևի այդպես է՝ մարդկանց աշխատեցնելն ու չվճարելն է համարվում ճարպկություն ու «լավտղություն»: Իսկ չվճարված աշխատանքի համար վիրավորված քաղաքացին, իր իրավունքների այլ պաշտպանության չի հավատում, քան ֆիզիկական կամ զենքի ուժ գործադրելը: Անօրեն միջոցների դեմ անօրեն էլ պատասխան է տալիս. համատարած անօրինությունը, խաղադաշտում աշխատանքային հարցեր քննարկելն է «լավտղությունը»: Տեղական իմաստով:
Նորիկ Միրզախանյանը մեղավոր է ճանաչվել ու վերջին հաշվով դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման: 
Դատարանը Միրզախանյանի պատասխանատվությունը մեղմացնող մի շարք հանգամանքներ է արձանագրել. որ նա կամովին է ներկայացել ոստիկանություն, ներկայացրել է զենքը, խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխա ունի, բնութագրվում է դրական, մասնակցել է Արցախյան ազատամարտին, պարգևատրվել մեդալներով: Մեղմացնող հանգամանք չի դիտվել այն, որ նախ Միրզախանյանն է ցավոտ հարված ստացել քթին, այդ հարվածից ինչ-որ չափով կորցրել է իրեն, մտածել է ինքն իրեն պաշտպանելու մասին և նախ օդ է կրակել... 
Տուժող Սողոմոնյանին քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայց հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու իրավունք է վերապահվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել