
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։
Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։
Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։
Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/pfbid0Eosvb5uMg4fhd8GuY5295ezpkChMU1b8HpymJZWJ43LUWekEHHcKwQsPbuCVvZuZl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել