Ամուսնական քող կրելու երևույթը դեռ հայտնի էր Հին Հռոմում, որտեղ կանայք ծածկվում էին ոտքից գլուխ: Այդ ժամանակաշրջանում տղայի ծնողները թույլ չէին տալիս հարսնացուին տեսնել մինչև հարսանիքը, քանի որ հնարավոր էր, որ փեսան, չհամակրելով իր ապագա հարսնացուին, հրաժարվեր նրա հետ ամուսնանալու մտքից: Միայն հանդիսության ավարտից հետո փեսացուն իրավունք ուներ բարձրացնելու հարսի քողը և առաջին անգամ տեսնելու նրան:
Հարսի գլխին կամ գլխարկ էին դնում, կամ քող: Ամուսնացած կնոջ գլխարկը տարբերվում էր չամուսնացած կնոջ գլխարկից: Քողը լինում էր երկար կամ` ոչ այնքան: Հոմերոսը այն մեկ անվանել է «օդեղեն», մեկ «արծաթափայլ», մեկ` «լուսաճաճանչ»:
Հռոմում քողը լինում էր կարմիր և անվանում էին lammeum` «հրագույն»: Այն ժամանակվա հավատալիքների համաձայն գլխարկը կամ քողը ունեին մոգական նշանակություն, վանում էին չար ուժերին:
Հարսնացուն քողի վրայից դնում էր վարդերից հյուսված պսակ, իսկ արևելքում` թագ: Փեսացուն նույնպես հարսանիքի ժամանակ թագ էր դնում: Քողը և թագը կերպարանափոխում էին նույնիսկ չքավորներին. գոնե կյանքում մեկ անգամ նրանք դառնում էին արքայական զույգ, և բոլորը նրանց փառաբանում էին ուրախ երգերով:
Այժմ քողը իր երբեմնի «իմաստը»` դեմքը թաքցնելու ֆունկցիան, կորցրել է: Ճերմակ քողը նորահարսի գեղեցկությունը դարձնում է եթերային:
Հարսանեկան մատանի
Ամուսնական մատանու ծագումը հասնում է մինչև այն ժամանակները, երբ որոշ քոչվոր ցեղերի մոտ այսպիսի սովորույթ կար. տղամարդը, որպեսզի թույլ չտար փախչելու իր սիրած աղջկան կամ կնոջը, ոտքի կոճին կապում էր հոտավետ ծղոտ: Հետագայում անհուսալի, ծղոտե կապանքները փոխվեցին, դարձան կաշվե: Քաղաքակիրթ հռոմեացիները այդ սովորությանը տվեցին զուտ պայմանական բնույթ, նրանք իրենց ընտրյալներին «դրոշմում» էին` նրանց մատին հագցնելով օղակ`սկզբում երկաթյա, հետո` ոսկե: Քրիստոնեական եկեղեցին օրինականացրեց այդ սովորույթը, և ամուսնական մատանիների փոխանակումը դարձավ պսակադրության արարողության հիմնական և գեղեցիկ պահերից մեկը:
Հարսանեկան մատանին ձախ մատի մատնեմատին կրելու ավանդույթը գալիս է դեռ մեր նախահայրերից: Հին Հունաստանում հավատում էին, որ դեպի սիրտը տանող ամենակարճ ուղին հենց ձախ ձեռքի մատնեմատն է:
Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ



