Հարգելի բժիշկ,
Ամուսնացած ենք արդեն 5 ամիս և շատ ենք ուզում երեխա ունենալ: Սակայն ոչ մի կերպ չի ստացվում հղիանալ, չնայած ակտիվորեն ապրում ենք սեռական կյանքով ու չենք պաշտպանվում: Միգուցե «սխալ օրե՞ր» ենք ընտրել բեղմնավորման համար` դաշտանի ավարտից սկսած մինչև ցիկլի 15-րդ օրը: Ո՞րն է իմ չբերության պատճառը, ի՞նչ հետազոտություններ խորհուրդ կտաք անցնել:
Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը
Չբերությունը, որպես ախտորոշում, դրվում է 1 տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո միայն: Հղիանալու համար ամենաբարենպաստ ժամանակը պերիօվուլյատոր շրջանն է, երբ տեղի է ունենում օվուլյացիան, և ձևավորված ձվաբջիջը պատրաստ է բեղմնավորման: Տարբեր պատճառներով օվուլյացիան կարող է մի փոքր ուշանալ կամ հակառակը ,բայց որպես կանոն դա տեղի է ունենում սպասվելիք դաշտանից 14 օր առաջ:
Կանոնավոր ցիկլի դեպքում, երբ դաշտանը 28-29 օր է տևում, հղիանալու համար ամենաբարենպաստ ժամանակահատվածը 8-ից 18-րդ օրերն ընկած ինտերվալն է:
Գոյություն ունեն հատուկ օվուլյացիոն տեստեր, որոնց միջոցով կարելի է հաստատել օվուլյացիայի կայացումը և արդեն նպատակային «աշխատել» այդքան ցանկալի հղիության ուղղությամբ: