Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 1-ին նրբանցքի 3/1 հասցեում գտնվող բենզինի պահեստում կրակ ու ծուխ է նկատվում:  
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 6-րդ, 7-րդ, 2-րդ և 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2-ական մատական հաշվարկ: 
Ժամանել են նաև հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:  
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Ալոյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ: 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վիրապ Ասատրյանը:  
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: 
Այրվում է ռեզերվուարում, ըստ նախնական տեղեկությունների, դատարկ գլանատակառ: 
Այս պահին հրշեջներին հաջոցվել է կանխել կրակի տարածումը և կատարվում են հովացման աշխատանքներ:  
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ: 
Որպես ջրատար օգնություն ժամանել են նաև 1-ին և 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: 
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը: 
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ:  
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են պահեստի աշխատակիցները, իսկ այն պատկանում էի «Ran Oil» ընկերությանը:  
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել