Armenpress.am-ը գրում է.
Ռուսաստանը դեռևս Կիևին չի ներկայացրել ապագա հաշտության համաձայնագրի վերաբերյալ հուշագրի նախագիծը, աշխատանքը շարունակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Ռուսաստանի հուշագրի նախագիծը դեռ չի ներկայացվել, աշխատանքը շարունակվում է, սա լուրջ նախագիծ է, լուրջ փաստաթղթի նախագիծ, այն պահանջում է մանրամասն ստուգումներ և նախապատրաստում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Ստամբուլի համաձայնագրերի իրականացումը կշարունակվի։
«Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը, ապա այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել Ստամբուլում, կշարունակվի. խոսքը Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման մասին է», - հավելել է Պեսկովը։
Մայիսի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում անցկացնելու մասին՝ Ստամբուլի պայմանավորվածություններին համապատասխան, որոնք պատվիրակությունների կողմից ձեռք են բերվել մայիսի 16-ին։



