Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իսպանիան և Ուրուգվայը հայտարարել են, որ Իսրայելի դեսպաններին հրավիրել են իրենց երկրների արտգործնախարարություն՝ Ջենինում իսրայելական ուժերի կողմից դիվանագետների վրա կրակոցների վերաբերյալ բացատրություն տալու։

Այս մասին հայտնում է France24-ը։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին միջադեպն անվանել է «բացարձակապես անընդունելի» և պահանջել է «անհապաղ բացատրություն»։

Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Եգիպտոսը, Հորդանանը, Թուրքիան, Ճապոնիան դատապարտել են իսրայելական ուժերի կողմից մայիսի 21-ին Ջենինի փախստականների ճամբար այցելության ժամանակ դիվանագիտական պատվիրակության վրա կրակոցները։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այս հարձակումը «պետք է անհապաղ հետաքննվի, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Ճապոնիայի կառավարության խոսնակ Յոշիմասա Հայաշին հայտարարել է, որ Տոկիոն բողոք է ներկայացրել իսրայելական կողմին և խնդրել «պարզաբանում տալ և կանխել նման միջադեպի կրկնությունը»։ 

Երկրները հայտարարել են, որ Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց, դիվանագիտական առաքելությունների և օկուպացված պաղեստինյան տարածքներում գործող մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ բռնությունները պետք է դադարեն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր հերթին Իսրայելի քայլը որակել է «անընդունելի»։

Պատվիրակությունը, որի կազմում էին շուրջ 30 երկրների դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մայիսի 21-ին հայտնվել էր իսրայելական ուժերի կողմից կրակի տակ, երբ նրանք այցելել էին Ջենինի ճամբար՝ ուսումնասիրելու այնտեղ տիրող իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել