Hayeli.am-ը գրում է.
ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է հանրային տրանսպորտի սակագինը ազատականացնել: «Իմ կարծիքով՝ ոչ մի սակագին էլ պետք չի սահմանել, պետք է լիբերալացնել ոլորտը, մեղմացնել վերահսկողությունն ու պահանջները և թույլ տալ, որ տնտեսվարողներն ազատ աշխատեն ու իրենք սահմանեն ուղեվարձը»,- hayeli.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ինքը՝ Հրանտ Բագրատյանը՝ արձագանքելով տրանսպորտի սակագնի ձևավորման նպատակով Երևանի քաղաքապետարանի և «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության կողմից ստեղծված հանձնաժողովների արդյունավետությանը վերաբերող մեր հարցադրմանը: «Ես, անկեղծ ասած, դժվարանում եմ հասկանալ, թե քաղաքապետարանն ինչո՞ւ է զբաղվում տրանսպորտի սակագին հաշվելու գործով: Դա քաղաքապետարանի ի՞նչ գործն է, սակագինը պիտի տնտեսվարողները հաշվեն»,- կարծիք հայտնեց նախկին վարչապետը:
Բագրատյանը դժվարացավ միանշանակ գնահատել, թե տնտեսական տեսանկյունից 100 դրամը արդյո՞ք օպտիմալ սակագին է՝ նշելով, որ ինքը խնդրին չի տիրապետում, հաշվարկներին ծանոթ չէ: «Բայց ի՞նչ կարիք կա 100 դրամ կամ 200 դրամ սակագին սահմանել: Գուցե կա ինչ-որ մեկը, որը պատրաստ է 50 դրամով տեղափոխել մարդկանց: Պետք է բոլոր ցանկացողներին տալ հնարավորություն և հետևել գործընթացին: Համոզված եմ, որ ամենաօպտիմալ սակագինը կձևավորվի մրցակցության արդյունքում»,- նշեց Հրանտ Բագրատյանը՝ շեշտելով, որ ուղևոր տեղափոխելու մենաշնորը պետք է վերցնել օլիգարխ-գծատերերից և այն վստահել բոլոր ցանկացողներին. «Ով ուզում է երթուղային քշել, թող քշի, ի՞նչ է պատահել: Եթե մարդն ունի վարորդական իրավունք, տեխնիկապես սարքին վիճակում գտնվող մեքենա, մտնի գիծ ու հանգիստ աշխատի»: Դիտարկմանը, թե ազատ թողնելու դեպքում ուղևորափոխադրումներ իրականացնող գծատերերը կարող են հանցավոր համաձայնության գալ և տրանսպորտի գինը դարձնել, օրինակ 500 դրամ, Բագրատյանը հակադարձեց. «Նույն բանը կարելի է ասել նաև հացի գնի համար, բայց կյանքը ցույց տվեց, որ հացի գնի դեպքում նման բան տեղի չի ունենում: Ժամանակին հացի գինն էլ էր պետությունը սահմանում, բայց հիմա որևէ մեկն այդ մասին չի մտածում և այդպիսի հարց ընդհանրապես չկա: Երբ մենք գնացինք հացի գների ազատականացման, նույն մտահոգությունը կար: Բայց կյանքը ցույց տվեց, որ ճիշտը ես էի, ոչ թե նրանք, ովքեր վախենում էին, թե հացն արհեստականորեն կթանկանա»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանը հրապարակել է տրանսպորտի սակագնի ձևավորման հարցով զբաղվող հանձնաժողովի կազմը, որի կազմում ներգրավվելու առաջարկը քաղաքացիական նախաձեռնություների ներկայացուցիչներն ու Երևանի ավագանու «Բարև Երևան» և ԲՀԿ խմբակցությունների անդամները մերժել են: Փոխարենը «Վճարում ենք 100 դրամ» շարժումը հայտարարություն է տարածել տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվող հանրային հանձնաժողով ստեղծելու մասին և կոչ արել ուղեվարձի թանկացման հարցով մտահոգված բոլոր քաղաքացիներին Մաշտոցի պուրակ՝ քննարկման: Առաջին քննարկումը կկայանա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:30-ին:
Կարինե Սարիբեկյան