Միջազգային մակարդակի վրա շարունակվում է եռակողմ պոլեմիկան Արևմուտքի, Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև, իսկ Եվրոպարլամենտի ընդունված բանաձևը, որով հայատարարվում էր, որ ԵՄ-ն ամեն կերպ սատարում է Ուկրաինայի եվրոպական ընտրությունը ու կհակազդի Ուկրաինային ճնշելու Ռուսաստանի փորձերին, իսկական էյֆորիա առաջացրեց ինչպես Ուկրաինայի ներքաղաքական դաշտում, այնպես էլ Ուկրաինայից դուրս՝ այդ թվում և Հայաստանի արևմտամետ շրջանակներում: Տպավորություն կարող է ստեղծվել, որ ԵՄ-ն պատրաստվում է բաց առճակատման գնալ Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով, բայց արդյո՞ք սա իրատեսական հեռանկար է: Եկեք պարզենք:

Նախևառաջ, պետք է հասկանալ, որ Եվրոպարլամենտը երբեք էլ լուրջ չի ընկալվել Ռուսաստանի կողմից, ինչպես նաև դրա ընդունած բանաձևերն ու հայտարարությունները: Ավելին, Եվրոպարլամենտը լուրջ չեն ընկալում նաև ԵՄ-ի ուժեղագույն անդամները, եթե բանը հասնում է նրանց կենսական ու ռազմավարական-տնտեսական շահերին:

Այսպես, կարծես ոչ ոք ուոշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ ընդունված բանաձևի բովանդակությունը բացառապես քաղաքական է ու ոչ մի տնտեսական մաս դրանում գոյություն չունի: Ոչ մեկ ասես չի ուզում հիշել, որ 2008 թվի ռուս-վրացական պատերազմից հետո քանի նման բանաձևեր ընդունեցին Եվրապարլամենտում և ինչ հետևանք ունեցեն դրանք, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ հետևանք չունեցան: Ոչ ոք չի հիշում նաև, թե ինչպես նույն ԵՄ-ն ու միջազգային տարբեր ատյանները չհամարձակվեցին ինչ որ ռեալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, երբ Ռուսաստանը այդքան չոր ու կոպիտ պատժեց Արևմուտքի գլխավոր դրածոներից մեկին՝ Սահակաշվիլուն...

Ինչ որ բա՞ն է փոխվել այդ ժամանակից ի վեր: Մի՞թե ԵՄ-ի փողերն են ավելի շատացել, թե՞ էներգակիրների այլընտրանքային աղբյուրներ են հայտնաբերվել: Բնավ ոչ: Ավելին, որքան էլ ցինիկական դա թվա, բայց Արևելյան Գործընկերության գագաթնաժողովից անմիջապես առաջ Ռուսաստանը ԵՄ-ի հետ պատրաստվում է ստորագրել OPAL ու «Nord Stream» գազամուղների զարգացման ու ընդարձակման մասին պայմանագիրը, որոնք գրեթե կզրոյացնեն Ուկրաինայի՝ տրանզիտային պետության դերը: Կարելի է իհարկե սա որակել, որպես մեջքից հասցված հարված Ուկրաինային, բայց սա իրականում դասական «ռեալ պոլիտիկան է» ու եվրոպացիները բնավ էլ չեն պատրաստվում վտանգել իրենց քաղաքացիների բարեկեցությունը ու էներգետիկ անվտանգությունը՝ ուկրաինացիներին պաշտպանեու համար:

Այսպիսով, պարզ է, որ այս անգամ էլ ԵՄ-ն չի գնա ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո իր 3-րդ խոշորագույն առևտրային գործընկերի հետ բաց առճակատման, առավել ևս, երբ կախված է այդ երկրից եկող գազից ու նավթից: Պարզ է նաև այն, որ Ուկրաինան չեն պատրաստվում այդքան հեշտ հանձնել և դրա համար պայքարը կմղվի Սառը Պատերազմի տարիների ոգով՝ Ուկրաինայի տարածքում ու անուղղակի, բայց ոչ մի պատժամիջոցներ ու ռադիկալ քայլեր անմիջականորեն Ռուսաստանի դեմ առաջիկայում սպասել պետք չէ: Առավելագույնը, որ կփորձի անել ԵՄ-ն, դա Ուկրաինայի տնտեսական անկումը ֆինանսային բարձիկով մեղմելն է և այն էլ դեռ հարց է, թե ինչ հաստության կլինի այդ բարձիկը ու ինչքան վճռական է տրամադրված Ռուսաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել