Tert.am-ը գրում է․
Եվրամիությունը քննարկում է մոտ 100 միլիարդ եվրո արժողությամբ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ առևտրային տուրքեր սահմանելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական գործակալությունը:
Բրյուսելը կարող է նման միջոցներ ձեռնարկել, եթե առևտրային հակամարտությունը լուծելու բանակցությունները չհանգեցնեն գոհացուցիչ արդյունքների, երեքշաբթի օրը՝ մայիսի 6-ին, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին։
Նրա խոսքով, մայիսի 7-ին ԵՄ երկրներին կբացատրվեն նոր հակաքայլերը: Սպասվում է, որ ԵՄ-ի ներսում խորհրդակցությունները կտևեն մոտ մեկ ամիս, որից հետո վերջնականապես կհաստատվի այն ապրանքների ցանկը, որոնց համար նոր մաքսատուրքեր կսահմանվեն:
Միևնույն ժամանակ, ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչն ասել է, որ ԵՄ-ն ճնշման ներքո չէ՝ շտապելու վատ գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ: «Մենք մեզ թույլ չենք զգում», - ասել է նա մայիսի 6-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում: Ուստի, ըստ եվրահանձնակատարի, Բրյուսելը չպետք է այնպիսի որոշում կայացնի, որն անարդար կլինի իր նկատմամբ:
Շեֆչովիչը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներդրված նոր մաքսատուրքերը վերաբերում են այդ երկիր եվրոպական արտահանման 70 տոկոսին։ Այդ ցուցանիշը կարող է հասնել 97 տոկոսի, եթե Վաշինգտոնը ցուցակում արդյունաբերության նոր ճյուղեր ավելացնի: Ի թիվս այլ բաների, ԱՄՆ-ը սպառնում է ներմուծման հատուկ մաքսատուրքեր սահմանել դեղագործական ապրանքների և կիսահաղորդիչների համար։