Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի Լիբերալ կուսակցությունն, ըստ նախնական արդյունքների, հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, սակայն դեռ հստակ չէ՝ արդյոք լիբերալները կկարողանան մեծամասնություն կազմել թե ստիպված կլինեն կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Այս մասին հաղորդում է կանադական CBC պարբերականը։

Պահպանողականների առաջնորդ Պիեռ Պոլիևղը շնորհավորել է Մարկ Քարնիին հաղթանակի կապակցությամբ։

Հաղթանակից հետո իր ելույթում Քարնին կրկնել է իր խոստումը, որ կանադական տնտեսությունն ավելի քիչ կախված կլինի ԱՄՆ-ից։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ապագայում բանակցություններ վարելիս նրա հետ կքննարկի «Կանադայի տնտեսությունը և անվտանգային հարաբերությունները երկու ինքնիշխան պետությունների միջև»։

«Նախագահ Թրամփը ցանկանում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա տիրել մեզ. դա երբեք տեղի չի ունենա», – ասել է նա։

Ըստ BBC-ի ներկայացրած արդյունքների՝ լիբերալները խորհրդարանում ստացել են 167 տեղ (43,1%), պահպանողականները՝ 145 (41,7%), «Քվեբեկական բլոկ» կուսակցությունը՝ 23 (6,8%), «Նոր դեմոկրատական կուսակցություն»-ը՝ 7 (6,1%), իսկ կանաչները՝ 1 (1,2%)։ Մեծամասնություն կազմելու համար կուսակցությունը պետք է ստանա 172 մանտադ։

BBC-ն նշում է, որ լիբերալների հաղթանակը բավական տպավորիչ էր, քանի որ երեք ամիս առաջ, նախքան Մարկ Քարնին կփոխարիներ վարչապետ Ջասթին Թրյուդոյին, կուսակցության վարկանիշը բավական ցածր էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել