
Օրեր առաջ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեքստ էր գրել` փորձելով Հայոց ցեղասպանության ուրացման պատասխանատվությունը դնել ՀՅԴ-ի վրա. այն չավարտվում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից տարիներ առաջ Արարատ լեռան տարբերանշանի հանման շահարկվող փաստով:
«Մնացածը հեքիաթներ են, ինչպես Արարատի պատկերը ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկից հեռացնելը որպես թյուրիմացություն որակելու դաշնակցական արդարացումները»,- գրել էր Հայկ Կոնջորյանը՝ երկրորդելով խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին:
168.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրել է պարզաբանել՝ ի՞նչ էր այնուամենայնիվ տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Գյուլի այցին նախընթաց օրերին, և ինչպես էր Արարատ լեռան տարբերանշանը բացակայել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից:
«Կապիտուլյանտներին թվում է, որ Նոյեմբերի 9-ի պայմանագիրը կամ Պրահայի փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց և ճանաչեց Ադրբեջանի կազմում, ես եմ ստորագրել… Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ ֆուտբոլային դիվանագիտության օրերին մարզաշապիկի վրա Արարատ լեռան տարբերանշանը գնդակով ծածկելն ուղղակի թյուրիմացություն է եղել: Դա իմ մեղքն է եղել, և ես դրա մասին ժամանակին ասել եմ ու ներողություն եմ խնդրել: Կրկնում եմ՝ դա իմ բացթողնման հետևանքն է եղել, և որևէ քաղաքական ենթատեքստ դրանում չկա»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Հայրապետյանը նկատեց՝ եթե իրեն դրա համար փորձում են մեղադրել, իր այդ «հանցանքն» ավելի ծանր չի եղել, քան Նոյեմբերի 9-ի կամ Պրահայի փաստաթղթերը ստորագրելը, հիմա էլ 3-րդ կապիտուլյացիային պատրաստվելը:
«Թող դրա մասին մտածեն, ոչ թե զինանշանը թյուրիմացաբար փակելը պատմություն դարձնեն»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Ռուբեն Հայրապետյանը հիշեցրեց՝ նույն Թուրքիայում հավաքականը խաղացել է հին մարզաշապիկով, որի վրա հստակ երևացել է Արարատը:
«Ուղղակի արդեն մեզ մոտ նոր մարզաշապիկով են հանդես եկել: Իմ բացթողումն է եղել, էլի եմ շեշտում, Ֆեդերացիայի աշխատակիցներն արել էին, ես էլ չէի հետևել»,- նկատեց ՀՖՖ նախկին նախագահը:
Նա նաև մի ուշագրավ հանգամանքի մասին խոսեց, որի մասին, բնականաբար, ՔՊ-ականները չեն խոսի:
«Մոռանում են, որ նույն Թուրքիայում՝ Բուրսա քաղաքում, 2009թ. հոկտեմբերին, ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ որ թուրք ֆուտբոլասերներին արգելվեց մարզադաշտ մտնել Ադրբեջանի դրոշով, նույն Ֆեդերացիայի նախագահի շնորհքն էր: Եվ սա այն դեպքում, երբ Բուրսայի դատարանը որոշում էր կայացրել, որ կարող են Ադրբեջանի դրոշ տանել մարզադաշտ: Դիմեցի ՈՒԵՖԱ, ասացի՝ հավաքականը մարզադաշտ դուրս չեմ բերի, եթե Ադրբեջանի դրոշ լինի, և մի օրում ՈւԵՖԱ-ն նոտա հղեց, ու Բուրսայի դատարանը նույն օրն իր որոշումը փոխեց, ու արգելեցին Ադրբեջանի դրոշներով մարզադաշտ մտնել: Մի դրոշ նկատվեց, ոստիկանները ծեծելով մարզադաշտից հանեցին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: