168.am-ը գրում է․

Ադրբեջանը շարունակում է պաշտոնական հաղորդագրություններով ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայկական կողմը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կրակում են Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, մասնավորապես՝ Խնածախ և Խոզնավար։

Այս կրակոցներն արդեն շարունակվում են մոտավորապես մեկ ամիս, վերջերս այս կրակոցների հետևանքով Խնածախում վնասվել էր մշակույթի տան տանիքը, իսկ դրանից առաջ՝ տան տանիք։

168.am հետ զրույցում Խնածախի նախկին վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանն ասաց, որ այս կրակոցները Խնածախի ուղղությամբ ամենօրյա բնույթ են կրում։

«Հիմա Կապանում եմ ապրում, բայց ամեն օր զանգահարում եմ գյուղ, ճշտելու՝ հո չե՞ն կրակել։ Ամեն անգամ ասում են, որ կրակել են, այդպես է՝ ամեն օր էլ կրակում են»,- նշեց մեր զրուցակիցը։

Խնածախի նախկին վարչական ղեկավարը դժվարանում է ասել, թե ինչու է ադրբեջանական կողմը կրակում հենց Խնածախի ուղղությամբ, սակայն մեկ բան հաստատ գիտի՝ ուզում է ամեն ինչ անել, որպեսզի մեծ սադրանք տեղի ունենա։

«Պարզից էլ պարզ է, Ադրբեջանն իր ամենօրյա կրակոցներով ուզում է գնա մեծ սադրանքի, որպեսզի հայկական կողմը պատասխանի, ու տեղի ունենա սադրանք։ Բայց հայկական կողմը չի պատասխանում»,- նշեց Անուշավան Հովակիմյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո, Նիկոլ Փաշինյանի հրահանգով հայկական զորքերը հետ քաշվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բարենպաստ դիրքերից, և դրանք հանձնվեցին թշնամուն, երկու մարզերում էլ խաղաղ բնակիչները հայտնվեցին թշնամու թիրախում։

Նշենք նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Սյունիքի մարզում, որի արդյունքում Խնածախի, Ներքին Հանդի ու այլ բնակավայրերի տարածքներ կրկին զավթվեցին ադրբեջանական Զու-ի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել