Արտաքին քաղաքականության վախկոտ մերկությունը
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների։
Սակայն հայկական շահերի պաշտպանության հարցում մենք չտեսանք հստակ դիրքորոշում: Դրա փոխարեն հնչեց վախկոտ ուղերձ, որն ավելի շատ արտահայտում էր արտաքին ճնշումներին ենթարկված, ներսից թույլ քաղաքական կամք, քան պետական շահերի պաշտպանություն։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հատկապես ներկայիս իշխանության պայմաններում, դարձել է միջոց՝ ոչ թե պետական շահերը պաշտպանելու, այլ՝ միջազգային կենտրոնների առջև հարմարվելու համար։ պատասխանատվության բացակայությամբ ձևակերպված այս հարցազրույցներում տեղ չգտան ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ո՛չ Արցախի հարցը, ո՛չ էլ՝ Հայաստանի սուվերեն տարածքներում թշնամու ներկայությունը։
Փոխարենը՝ ունենք մշտական պտտվող խոսքեր՝ «կարգավորման, հարաբերությունների բացման, խաղաղ ապագայի մասին»։ Բայց խաղաղությունը արժեք ունի միայն այն դեպքում, երբ այն կառուցվում է իրավունքի, պատմական արդարության ու ազգային արժանապատվության հիմքի վրա։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ հատկապես Անթալիայի ֆորումի շրջանակներում, բացահայտում է մի պարզ ճշմարտություն․ իշխանությունն ընդունել է պարտվածի հոգեբանությունը։ Իսկ պարտվածի դիվանագիտությունը չի կարող արդյունք տալ՝ այն միայն ձև է՝ պարտությունը օրինականացնելու համար։
Միրզոյանը խոսում է Թուրքիայի «կառուցողական դերի» մասին, այն դեպքում, երբ այդ նույն Թուրքիան շարունակում է հանդես գալ որպես Ադրբեջանի բացահայտ պաշտպան, շարունակում է Հայաստանի նկատմամբ կիրառել նախապայմանային մոտեցում, և շարունակում է մերժել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Եթե արտաքին քաղաքականությունը դառնում է վախի, ոչ թե պահանջի լեզու, մենք ոչ թե հարաբերություններ ենք կարգավորում, այլ կամաց-կամաց հրաժարվում ենք պետականությունից։
Եվ այդ վախի ամենամեծ հետևանքը լինելու է մեր ժողովրդի մոռացությունը՝ թե՛ սեփական պատմության, թե՛ արժանապատվության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել