
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։
Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։
Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02361EG9egDsvaSFq9AQ4uf56rit8Y2TCTAeRPHNtqQjjYMz4bZUSA7Zs7e9X7nfYDl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել