
Կիրակի ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռներով հարված են հասցրել Սումիում ուկրաինական «Սևերսկի» օպերատիվ-մարտավարական խմբավորման հրամանատարական կազմի հավաքի վայրին. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունում հայտնել են, որ թիրախի խոցման հետևանքով Ուկրաինայի ԶՈւ ավելի քան 60 զինծառայող է զոհվել։
Ինչպես նշել են ՌԴ ՊՆ-ում, Կիևը շարունակում է օգտագործել ուկրաինացի բնակչությանը որպես կենդանի վահան՝ խիտ բնակեցված քաղաքի կենտրոնում ռազմական անձնակազմի մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելով։
Նախօրեին հաղորդվել էր, որ Սումի քաղաքի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Կա 99 տուժած, այդ թվում՝ 11 երեխա, հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել էր, որ ՌԴ-ն կիրառել է բալիստիկ հրթիռ: