
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները: Կարգավորումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման, տնտեսական աճի խթանման և միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունից: Որոշման նպատակն է Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմի գործարկումը, կինոարդյունաբերության զարգացումը, ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը, երկրում տնտեսական աճի և աշխատաշուկայի մրցունակության բարձրացման ապահովումը, երկրի վարկանիշի և միջազգային դիրքավորման խթանումը: Հիմնավորման համաձայն՝ կինոարտադրության ոլորտում պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019-2024 թթ. համար կազմել է տարեկան միջինը 309 մլն դրամ։ Նույն ժամանակահատվածում կինոարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինը 655 մլն դրամ։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կստեղծվեն բարենպաստ պայմաններ կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար, կխթանվի համատեղ արտադրությունը, ոլորտում կակտիվանա տնտեսական գործունեությունը, ինչն էլ կնպաստի հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև Հայաստանում կինոոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը:
«Հայաստանում կինոյի ոլորտում իրականացվում են համատեղ արտադրության կինոնախագծեր, սակայն ոլորտում առկա է պետական աջակցության և մասնավոր ներդրումային միջոցների սղություն: Միաժամանակ, օտարերկրյա ֆիլմարտադրողների հոսքը Հայաստան ևս սակավաթիվ է՝ նպաստավոր պայմանների բացակայության պատճառով»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, աշխատաշուկան՝ նույնպես և կարող են ապահովել գրավչությունը ոլորտի համար: Մասնավորապես՝ Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակները և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական ու տեխնիկական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները: «Ըստ այդմ՝ օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի ֆիլմարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում, ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ներդրումների հավելյալ ևս մինչև 10 տոկոսի վերադարձ կարող է իրականացվել ՀՀ-ի հանրահռչակման տարրերի առկայության դեպքում: «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ բազային 25 տոկոսի վերադարձը մրցունակ է դարձնում ՀՀ-ն հարևան երկրների շարքում՝ խրախուսելով արտերկրի կինոարտադրողներին: Իսկ հավելյալ 10 տոկոսի վերադարձը ստեղծում է նաև հնարավորություններ միջազգային լայն լսարանի առջև մեր հանրապետության հանրահռչակման համար»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան կնքված հուշագրեր:
Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ստացվում է, որ ՀՀ-ն ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձի հնարավորություն է ստեղծում: «Դրանից առաջ մենք հարցին տվել էին օրենսդրական լուծում, հիմա ուղղակի ենթաօրենսդրական կարգավորումներով ճշգրտում ենք, թե ինչ բանաձևերով են հաշվարկվելու և ինչն է համարվելու այս ծրագրի տրամաբանությանը, բովանդակությանը համապատասխանող ներդրում: Դա ճիշտ է, որպեսզի գործընթացը թափանցիկ և կանխատեսելի լինի և՛ Կառավարության, և՛ ներդրողների, և՛ հանրության համար», -նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ընդունված որոշումը և այն պոտենցիալ շահառուին հասցնելու անհրաժեշտությունը:
ՀՀ-ում կիրականացվի անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր
Հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ որոշման մեջ ներառվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագիր: Մասնավորապես՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թթ. ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» անասնաշենքերի հիմնմանն աջակցելու պետական քաղաքականությունը և ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար։ Արդյունքում՝ կավելանան ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերը, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը: ՀՀ-ում 2025-2029 թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնմանը, լայնածավալ տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։
Ինչպես նշել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, նախկինում գործող խելացի անասնաշենքերի ծրագրի համեմատ իրականացվել են որոշ լավարկումներ և լրացումներ, մասնավորապես, շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի վերագնահատում է տեղի ունեցել, որի արդյունքում բարձրացվել է ներդրվող գումարների շեմը, հետևապես՝ փոխհատուցվող գումարների չափաբաժինն է բարձրացել. «Եթե նախորդ ծրագրում 40-45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 մլն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 մլն դրամ, որի 50 տոկոսը, ծրագրի համաձայն, ֆերմերները կարող են հետ ստանալ որպես փոխհատուցում. այսինքն՝ 23 մլն դրամը՝ նախկին 17.5 մլն դրամի փոխարեն»: Փոխնախարարը նշել է, որ սահմանված են արտոնյալ պայմաններ սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների և սոցիալական որոշ խմբերի համար.նրանց համար սահմանվել է ծախսերի 70 տոկոսի փոխհատուցում: Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել է 25 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար այն 45 տոկոս է: Իրականացվել է նաև գլխաքանակի, կառուցման և վերակառուցման համար մոդելների տեսակի փոփոխություն:
Արման Խոջոյանի նշել է, որ ծրագիրն ունի և՛ փոխհատուցման, և՛ վարկային բաղադրիչ: Վարկային բաղադրիչով Կառավարությունը սուբսիդավորում է ներգրավված վարկի 10 տոկոսային կետը: Սահմանվել է 18 ամիս արտոնյալ ժամկետ՝ նախկինում գործող 12-ի փոխարեն: Սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ: «Տոհմային տավարաբուծության զարգացման ծրագրում ավելացվել է աջակցման մեկ այլ մեխանիզմ, որի համաձայն, եթե շահառուն օգտվում է խելացի անասնաշենքերի ծրագրից և ունենա խելացի անասնաշենք, ապա ձեռք բերվող տոհմային կենդանիների համար կարող է ստանալ փոխհատուցում՝ մինչև 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու դեպքում 30 տոկոս, իսկ 25 և ավելիի դեպքում՝ 40 տոկոս փոխհատուցում»,-ասել է փոխնախարարը:
Արման Խոջոյանը տեղեկացրել է նաև՝ երկու ծրագրերում էլ պարտադիր պայման է սահմանվել, որ շահառուները պետք է լինեն իրավաբանական անձինք:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ արդյունքներ են գրանցվել 2019 թվականից իրականացված ծրագրերը: Ի պատասխան Արման Խոջոյանը հայտնել է, որ նախկին ծրագրերի շրջանակում կառուցվել է 58 խելացի անասնաշենք, ներմուծվել է 2400 տոհմային կենդանի: Երկու ծրագրերի շրջանակում՝ անասնաշենքների կառուցման համար Կառավարությունը փոխհատուցել է 925 մլն դրամ է, իսկ տավարաբուծության զարգացման ծրագրի վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման համար՝ 587 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դժգոհ չենք, որ 58 անասնագոմ է կառուցվել է, բայց ի սկզբանե մեր պատկերացումն այդ չէր: Փոխհատուցման ընդհանուր գումարը 925 մլն դրամ է, սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում: Հիմա ի՞նչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք»։
Փոխնախարարը նշել է, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է փոխհատուցվող գումարին, վերանայվել են շեմերը: Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե ինչո՞ւ են ծրագրից հանում 10-15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված անասնաշենքի կառուցման բաղադրիչը, ինչին ի պատասխան նշվել է, որ կառուցված 58 անասնաշենքերից ամենաաննշան թիվը կազմել է հենց 10-15 գլուխ կենդանիների համար կառուցվածը:
«Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում: 2018 թվականից սկսած՝ մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքր սուբյեկտների համար՝ հույս ունենալով նրանց աջակցել: Բայց, ըստ էության, արձագանք չենք ստացել: Խնդիրն այն է, որ այդ հատվածում ձևավորվել է մի իրականություն, որը խորը ճգնաժամային է, և մեր սովորական պատկերացումներն իրականության հետ չեն համընկնում»,-ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այստեղ առկա է հայեցակարգային, քաղաքական, սոցիալ–հոգեբանական և սոցիալ-տնտեսական խնդիր. «Ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերն անհաջողության են մատնվում: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք: Կարծում եմ՝ սովորական լուծումների տրամաբանությամբ չենք առաջնորդվելու»:
Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը տասնյակ որոշումներ է կայացրել, որոնք գյուղատնտեսությանն արդյունք չեն տվել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ պատճառներից կարող է լինել նաև այն, որ դրանց հիմքում տնտեսական հիմնավորում չի դրվել. «Խնդիր, ճգնաժամ ունենք՝ պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել: Մենք մյուս հատվածներն ենք քննարկում, այդտեղ գուցե պետք է գնալ շատ բարդ և ռադիկալ լուծումների»: Այս համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է նաև այլ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, այդ թվում՝ վերապատրաստումների կամ այլ գործունեության խթանման, որպեսզի նաև հնարավորություն ստեղծվի հողերը կոնսոլիդացնելու և դրանց նկատմամբ տնտեսական հետաքրքրություն ձևավորելու:
Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշում
Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ: Հարցը ներկայացրել է նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և նշել. «Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա: Եվ երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից՝ դառնալու ռեզիդենտ ընկերություն «Ինժեներական քաղաք»-ի տարածքում, սակայն այն պայմանով, որ նախնական սահմանված սահմանափակումները հողակտորների, այն է՝ տրամադրել մինչև 500 քմ հողակտոր ընկերություններին, դժվարություններ է ստեղծում այդ ընկերությունների համար, այն իմաստով, որ տվյալ ինժեներական ընկերություններն անհրաժեշտություն ունեն դիմել և ստանալ 500 քմ-ը գերազանցող հողակտորներ, որտեղ պետք է տեղադրվեն համապատասխան ինժեներական սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, դատակենտրոններ»:
Նախարարը նշել է, որ դա միանշանակ գալիս է վերջնականացնելու և նպաստելու ինժեներական համայնքի էկոհամակարգի կայացմանը, որովհետև այն բերում է նոր ենթակառուցվածքներ «Ինժեներական քաղաք»: Խոսքը տասնյակ կամ հարյուրավոր՝ բարձր որակավորում ունեցող ինժեներների տեղափոխման մասին է, որը ծառայելու ամբողջ ինժեներական քաղաքում տեղակայված ընկերություններին: «Մեր կարծիքով՝ այս կարգավորումը նպաստելու է նախ և առաջ վերջնականացնելու և արագացնելու «Ինժեներական քաղաքի» կառուցման տեմպերը՝ զբաղեցնելով համապատասխան լոթերը, մյուս կողմից՝ բնականաբար, հեշտացնելու է այնտեղ տեղակայված ընկերությունների կյանքը, որովհետև «Ինժեներական քաղաքում» ներկայումս կառուցվող բիզնես աքսելերատորի շենքը ապագայում, ինչպես նաև արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնը և առհասարակ բոլոր ենթակառուցվածքների սպասարկման վճարները, բնականաբար, ավելի մեծ քանակությամբ ընկերությունների միջև են կիսվելու, ինչը ապագայում մեզ համար կարևոր է՝ հնարավորինս ինքնաբավ դարձնելու քաղաքը: Այս պահի դրությամբ ԲՏԱՆ, հաշվի առնելով, որ ընկերությունները դեռ նոր են կառուցում իրենց շենքերը, որոշակիորեն փոխհատուցում է այդ ծառայությունները, սակայն այն հստակ ուղերձով, որ երբ քաղաքը սկսի ամբողջ թափով աշխատել, մենք ավարտելու ենք այս ծրագիրը, և այն ինքնաբավ պետք է լինի»,- ասել է Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ որոշմամբ նախատեսված են այլ կարգավորումներ ևս:
Վարչապետը հետաքրքրվել է, թե մինչ օրս ինչ արդյունքներ են գրանցվել գործընթացում: Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես-աքսելերատորի շենքին. «Սա և՛ գրասենյակային տարածքների, և՛, որ ամենակարևորն է, լաբորատոր տարատեսակ միջավայր, ենթակառուցվածք է իրենից ենթադրում, որը ոչ միայն ռեզիդենտ ընկերություններին, այլև ընդհանրապես՝ ամբողջ տեխնոլոգական էկոհամակարգին է ծառայելու: Նախատեսված է, որ մարտի 31-ին կապալառու ընկերությունը պետք է ավարտեր շինարարական աշխատանքները և հանձներ, սակայն օբյեկտիվ պատճառներով կապալառու ընկերությունը դիմել է Կառավարությանը՝ երկու ամսով երկարաձգելու այդ աշխատանքներն իրականացնելու ժամկետը, որին ԲՏԱՆ հակված է ընդառաջելու: Այսինքն՝ մայիսի 31-ի դրությամբ շինարարական աշխատանքները պետք է ավարտված և հանձնված լինեն մեզ»:
ԲՏԱ նախարարը հայտնել է նաև, որ ներկայումս կան ընկերություններ, որոնք այնտեղ ամիսներ շարունակ աշխատում ենք. «Ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ շինարարության ավարտական փուլում են, ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ստացել են շինթույլտվություններ և սկսում են իրենց շենքերի կառուցումը: Նաև գործում է ազգային գերհամակարգչային կենտրոն՝ «Ազնավուր»»:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի մայիսի 31-ից «Ազնավուր» գերհամակարգչային կենտրոնն աշխատում է. այս պահի դրությամբ ավելի քան 20 գիտական և հետազոտական խմբեր աշխատում են, օգտագործում են այդ ենթակառուցվածքը՝ բարձր արտադրողականությամբ հաշվողականությամբ այդ ռեսուրսները, և ավելի քան 30 նախագծերի վրա գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում այս պահի դրությամբ: «Ամբողջ ներուժի կեսն է օգտագործվում, սակայն այն դինամիկան, որ մենք ունենք նոր գիտական խմբերի կողմից հետաքրքրության իմաստով, նշանակում է, որ սարերի հետևում չէ այն պահը, որ գերհամակարգիչն իր ողջ ներուժով կօգտագործվի»,- նշել է նախարարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին տեղեկացրել է, որ նախորդ տարի նոր գերհամակարգիչ է գնվել, որը Հայաստանում է արդեն եղել տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին: «Հիմա մենք գտնվում ենք տեղադրման գործընթացում, աշխատանքներն իրականացվում են: Որոշ իրավական հարցեր կան, որոնք լուծման պրոցեսում են: Տեղակայման վայրը ԵՊՀ-ն է, և այն գերհամակարգիչը, որ ձեռք է բերվել, մենք ոչ թե ունենք «Ինժեներական քաղաքում» տեղադրված գերհամակարգչի կրկնություն, այլ մենք ունենք սկզբունքորեն այլ գործառույթի հնարավորություններ ընձեռող սարքավորում, որը թույլ է տալու մի շարք ուղղություններով հիմնականում մեծ քանակությամբ հաշվարկներ անելու, այսինքն՝ մեծածավալ տվյալների հետ աշխատելու: Այդ հաշվարկները կարող են լինել ինչպես բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգեր, տվյալների վերլուծություն, վիզուալիզացիա, առողջապահական կենսաբժշկական հետազոտությունների, ռոբոտատեխնիկայի ուղղությամբ աշխատանքների համար էլ կարող են օգտագործվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ քանի որ այն ԵՊՀ-ում է տեղակայվելու, նաև կրթական ծրագրերում լուրջ հնարավորություններ են ձեռք բերվելու. «Անհրաժեշտ է ասել, որ այս կենտրոնի ձևավորումը ԵՊՀ-ում նաև բուհի վարկանիշի էական բարձրացման հնարավորություն է տալիս, որը կրթության ռազմավարության մեր կարևոր նպատակներից է: Ըստ էության ամեն ինչ պատրաստ է և տեղադրման հարցերը կարգավորելով՝ հնարավոր կլինի մեկնարկել նաև կենտրոնը, որը, կարծում եմ, կարող է նպաստել և լրացնել ոլորտի աշխուժացմանը»:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ պլանավորել է տեղադրման աշխատանքները մեկնարկել մայիսից. «Կարծում եմ՝ տարեվերջին կենտրոնը կգործի և կկարողանա ծառայել իր նպատակին»:
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին ընթերցել է քաղաքացուց ստացված նամակը
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին ընթերցել է քաղաքացուց ստացած նամակ, որը վերաբերում է 2025 թ. հունվարի 1-ից ներդրված շրջանառության հարկի փոփոխությանը: Համապատասխան գերատեսչությունները ներկայացրել են, որ հարկի նոր ձևը լրացվում է ինքնաշխատ, սակայն ըստ քաղաքացու՝ այն իրականությանը չի համապատասխանում: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ Ֆինանսների նախարարությանը և ՊԵԿ-ին, պատասխան տրամադրել՝ Կառավարության հաջորդ նիստին այն հրապարակելու նպատակով:
Երևանում և Կոտայքի մարզում գտնվող ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերն ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին
Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան գրությամբ ներկայացված տեղեկատվության համաձայն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թ. հուլիսի 15-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ներկայացված հայցը բավարարվել է, վճիռը մտել է օրինական ուժի մեջ, ինչի արդյունքում հօգուտ Հայաստանի Հանրապետության է բռնագանձվել Կոտայքի մարզի Առինջ համայնքի 6-րդ փողոց 30-րդ բնակելի տուն հասցեի գույքը, Երևանի Կենտրոն, Վարդանանց փողոց 5ա շենքի թիվ 292 բնակարան հասցեի գույքը: Որոշմամբ առաջարկվում է վերոնշյալ հասցեներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը համաձայն հավելվածի ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը
Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշման նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է: Ըստ հիմնավորման՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը, միաժամանակ հնարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։
Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմի 40 000 դրամ՝ գումարած 10 000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55 000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50 % բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15 000 դրամից։
Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի
Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առկա բարեկամական հարաբերություններում վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Առկա է համագործակցության ներուժ փոխադարձ առևտրի, բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում: Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն կնպաստի երկու երկրների քաղաքացիների և հասարակությունների միջև փոխճանաչելիության աճին, խթան կհանդիսանա Հայաստանի և Արևելյան Աֆրիկայի ու Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ հիմք ընդունելով այդ երկրների և Օմանի միջև առկա պատմական և մշակութային կապերը:
Կապահովվի զինված ուժերում կանանց ներգրավվածության աճը
ՀՀ զինված ուժերում սերժանտական համակարգի կայացման, հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի, ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված կամ հրահանգչի որակավորում ունեցող կադրերի, կանանց գումարտակում համալրվածության մակարդակի և որակների բարձրացման, օտարերկրյա պետությունում ուսումնառության գործուղված կուրսանտների հետ կապված առաջացած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ զինված ուժերում մեծ աշխատանքներ են կատարվում արհեստավարժ սերժանտների և հրահանգիչների նոր համակարգի ներդրման, այդ նպատակով սերժանտական և հրահանգիչների դասընթացների անցկացման ուղղությամբ՝ համապատասխան սերժանտական և հրահանգիչների պաշտոնները համալրելու նպատակով: Միաժամանակ, համալրվածության ցածր մակարդակում են գտնվում կանանց և ինժեներական տեխնիկա շահագործող ստորաբաժանումները, ինչն ազդում է դրանց բնականոն գործունեության ապահովման վրա: Որոշմամբ հստակեցվում է հատուկ ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի հավելման չափը, հավելումներ են սահմանվում ուսումնական ստորաբաժանումներում անմիջականորեն ուսումնառության գործընթացում ներգրավված անձնակազմի, կանանց գումարտակում ծառայության նշանակված կին զինծառայողների, սերժանտական կամ հրահանգչի դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցողների, օտարերկրյա պետությունների (բացառությամբ՝ ՌԴ) ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու ուսումնառություն անցնող պարտադիր զինծառայողների համար:
Վարժական հավաքներ՝ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ
Կառավարության որոշմամբ ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
ՀՀ-ում աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով կթվայնացվեն պետական և մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը
Գործադիրը սահմանել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել, որ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է։ Միաժամանակ սահմանվում է, որ գործատուները աշխատանքային պայմանագիրը կնքում, աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագիրը և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտը կազմում են ՊԵԿ-ի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով։ Արդյունքում ակնկալվում է թվային համակարգի ներդրման միջոցով թվայնացնել Հայաստանի Հանրապետությունում թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կնքվող աշխատանքային պայմանագրերը՝ աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով։
Կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջը
Կառավարության որոշմամբ Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանի միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ: Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներկա պահին սովորում են շուրջ 247 ուսանող՝ 7 մասնագիտություններով: Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանն ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը լիարժեք չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Ուսումնարանի շինությունները երկար տարիներ չեն հիմնանորոգվել, իսկ քոլեջի մասնաշենքում ներկա պահին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջին նախատեսված է տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:
Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու, գույք միավորելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Շիրակի մարզի Աշոցք համայնքի գույքը և ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ Բավրա գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով։
Հաստատվել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը
Գործադիրը հաստատել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը: Հիմնավորման համաձայն՝ մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության իրավական դաշտը ամբողջապես կարգավորված չէ: Ներկայում մշակութային արժեքների արտահանման դեպքում լիազորված պետական մարմինը իրավասություն չունի պահանջելու մշակութային արժեքի կրկնակի փորձաքննություն: Այս հանգամանքով պայմանավորված, երբեմն շրջանառվում են մշակութային արժեքների փորձագիտական եզրակացություններ, որոնք տրված են ոչ բնօրինակ ստեղծագործությունների համար: Առաջարկվող նոր իրավական ակտով կբարեփոխվի մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը, որի արդյունքում նաև կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Ըստ այդմ՝ մշակութային արժեքի կեղծ և սկզբնական փորձաքննության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում լիազորված պետական մարմինը իրավասու կլինի պահանջելու կրկնակի փորձաքննություն: Արդյունքում՝ կկանխարգելվի արտահանման համար ներկայացվող մշակութային արժեքների կեղծումը, ոչ հավաստի փորձագիտական եզրակացությունների շրջանառումը և կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը:
Նախատեսվում է հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը
Գործադիրը հաստատել է ՀՀ-ից միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա արտահանվող ստեղծագործությունների՝ վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը: Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը: Արդյունքում՝ անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ և դրանք ՀՀ-ից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:
Հաստատվել են քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները. կապահովվի հավասար մրցակցային դաշտ
Կառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սահմանված չեն քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններ, չի իրականացվում պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնների խախտման բացահայտման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործընթաց: Սահմանված էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների և այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ պատասխանատու մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերության վրա: Էթիկայի կանոնները չեն սահմանափակում հասարակական կազմակերպությունների անդամ պատասխանատու մասնագետների համար էթիկայի լրացուցիչ կանոնների կամ կանոնակարգերի ընդունումը: Սահմանված կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն բացահայտելու մասնագետի էթիկայի կանոնների խախտումները, այլև ապահովելու որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն պատասխանատու մասնագետների գործունեության ոլորտում: Մասնագիտական ծառայությունների համար անհիմն ցածր գների սահմանումը և արհեստական մրցակցային առավելություններ ստանալը վնաս է հասցնում ծառայությունների որակին և շուկայի կայուն զարգացմանը:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Կոտայքի մարզում կառուցված ջերմատունը կընդլայնի գործունեությունը
Կառավարության որոշումներով «Էպսիլոն ինվեսթ» և «Պրիմառոսա» ՍՊԸ-ները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Էպսիլոն ինվեսթ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել գուլպաների, ներքնաշորի, կտորի և հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 935 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 4 աշխատատեղ 105 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 24-ի՝ 125 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 46.7 մլն դրամ։
«Պրիմառոսա» Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել է 1,3 հա ունեցող ջերմատուն, որտեղ աճեցվում են տարբեր սորտերի, բարձր բերքատվության և որակի վարդեր։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ընդլայնել ջերմատան մակերեսը հավելյալ 1.2հա-ով՝ հաշվի առնելով գրանցած հաջողությունները: Ընկերությունը նախատեսում է իրականացնել 499.7 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 170 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման, և 15 մլն դրամի ներդրում այլ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 21 աշխատատեղ 111 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ., աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 30-ի՝ 111 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 669.7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 33.8 մլն դրամ։
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների ոլորտների գծով վարչական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համաձայնագրի նախագիծն ուղղված է գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի շրջանակում ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև վարչական համագործակցության կանոնակարգմանը։ Այն սահմանում է վարչական համագործակցության իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության հրապարակման ընթացակարգերը, տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ հարցման լրացման կարգը, հարցում ստանալու պարագայում դրա հետագա ընթացքն ապահովելու կարգը։ Համաձայնագրի կնքումը թույլ կտա ՀՀ-ում գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձանց և կառույցներին գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների հետ ըստ անհրաժեշտության զարգացնել փոխշահավետ համագործակցություն: