Այս երկուշաբթի աշխարհը ցնցվեց Քենիայից եկող նորություններից: Մի խումբ իսլամիստ ահաբեկիչներ ներխուժել էին Նայրոբիում գտնվող խոշոր առևտրային կենտրոն ու սկսել էին սպանել բոլոր ոչ մահմեդական մարդկանց, ընդ որում, սպանել էին առանձնակի դաժանությամբ՝ կտտանքների ու վայրենությունների ենթարկելով իրենց զոհերին: Մի քանի օր տևած բանակային օպերացիայից հետո, Քենիայի բանակին ու ոստիկանությանը հաջողվեց ազատել առևտրի կենտրոնը ահաբեկիչներից, բայց ի՞նչ գնով. սպանվածների թիվը տարբեր աղբյուրների համաձայն, անցել է հարյուրը և էլի հարյուրավոր մարդիկ վիարավորված են:
Բանակի ու ոստիկանության օպերացիայի արդյունքում ոչնչացվել էին 5 և ձերբակալվել էին ևս 11 ահաբեկիչ, սակայն ամենաուշագրավը նա է, «Ալ-Շաբաաբ» ահաբեկչական կազմակերպության այս խմբավորման մեջ առնվազն 2-3 ԱՄՆ քաղաքացի է եղել, 1 Շվերդիայի քաղաքացի և տարբեր տվյալներով ևս մեկը՝ խմբավորման ղեկավարը՝ Միացյալ Թագավորության քաղաքացի հանդիսացող կին է եղել:
Հատկապես 2001 թվականի սպետեմբերի 11-ից հետո ամերիկյան ու առհասարակ արևմտյան մեդիա ռեսուրսները շրջանառության մեջ մտցրեցին «Ահաբեկչություն արտահանող երկրներ» հասացողությունը, որի մեջ ներառվեցին Աֆղանստանը, Իրանը, Պակիստանը, Սոմալին, Իրաքը, Լիբիան ու էլի մի շարք իսլամական երկրներ: Հետևանքները գիտենք բոլորս. նշված երկրներից ոմանք որպես այդպիսին դադարեցին գոյություն ունենալ, որոշ երկրների վրա շարունակվում է Արևմուտքի աննախադեպ ճնշումը, որոշ երկրներում էլ քաղաքացիական պատերազմ է, մինչդեռ, այս 12 տարիների ընթացքում գնալով ավելի ու ավելի ակներև է դառնում, որ ահաբեկչության արտահանման տեսակետից անգերազանցելի բարձրունքներում են գտնվում հենց Արևմտյան զարգացած պետությունները և նրանց մերձավորարևելյան դաշնակիցները:
Ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, որ օրինակ նույն Սիրիայում մարտնչող ապստամբների զգալի մասը սիրիացի էլ չի: Ավելին՝ տարբեր աղբյուրներով, Սիրիայում այժմ կառավարական զորքերի ու խաղաղ բնակչության դեմ գործում են հազարավոր իսլամիստներ, որոնք Սիրիա են ժամանել Սաուդյան Արաբիայից (ԱՄՆ-ի դաշնակից), Կաթարից (ԱՄՆ-ի դաշնակից), Թուրքիայից (ԱՄՆ-ի դաշնակից), Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից...
Նույն պատկերը տիրում էր նաև Լիբիայում, երբ Քադդաֆուն գահընկեց արեցին, նույն պատկերը տիրում էր Չեչնիայում, նույն պատկերը տիրում էր Աֆղանստանում՝ Աֆղանական պատերազմի ժամանակ: Ընդհանրապես, այսօրվա ահաբեկչական կազմակերպությունների մեծ մասը ժամանակին հիմնվել են կամ աջակցվել են հենց արևմտյան տերությունների հատուկ ծառայությունների կողմից ու միջոցներով, ողջ հարցը նրանում է, որ դրանց լիարժեք վերահսկել ու կառավարել չի կարող և ոչ մի հատուկ ծառայություն, որովհետև այս դաշտում քաոսն է իշխում և այժմ դրանք երբեմն-երբեմն դուրս են գալիս վերահսկողության տակից:
Բայցևայնպես, ակտուալ է մնում մի կարևորագույն հարց. ինչո՞ւ «Ահաբեկչություն արտահանող երկրների» ցանկում մինչ օրս չեն նշվում նույն ԱՄՆ-ը ու ԱՄՆ-ի դաշնակիցները: Պատասխանը տրիվիալ է. այդ ցուցակը պատվիրողները հենց իրենք են և զարմանալի էլ կլիներ տեսնել օրինակ Սաուդյան Արաբիային այդ ցուցակում, կամ առավել ևս ԱՄՆ-ին: Սա փաստ է ու շատ տխուր փաստ, որովհետև սա ևս մի ական է, որը դրված է միջազգային հանրության նկատմամբ վստահության հիմքերում: Փաստ է նաև այն, որ ահաբեկչության հոսքը այս երկրներից գնալով ավելի է ուժեղանում ու գնալով ավելի մոտենում հենց մեր սահմաններին, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել:



