Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտահերթ այցով ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։  Նրան ուղեկցում է կինը՝ Սառա Նեթանյահուն, գրում է newsru.co.il կայքը։

ԱՄՆ է ժամանել նաև Իսրայելի կառավարության ղեկավարի ռազմական քարտուղար, գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը։

ԱՄՆ այցի և Թրամփի հետ բանակցությունների մասին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է. «Քաղաքական գործիչները կքննարկեն մաքսատուրքերի, իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերի, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների, Իրանի սպառնալիքի հետ կապված հարցեր, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանին հակազդելու ուղիները։ Վարչապետը գնահատում է իր անձնական և ջերմ հարաբերությունները նախագահ Թրամփի հետ»:

Նշենք, որ Թրամփի վերընտրվելուց հետո Իրանի շուրջ լարվածությունը մեծացել է՝ կապված երկրի միջուկային ծրագրի հետ: Թրամփը պնդում է, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել և պահանջում է, որ Թեհրանն ուղիղ բանակցություններ սկսի: Հակառակ դեպքում, Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանը: Սակայն պաշտոնական Թեհրանը մերժում է ուղիղ բանակցելու պահանջը՝ փոխարենն առաջարկելով երրորդ երկրի միջոցով անուղղակի բանակցություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել