Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ուղղված նամակին՝ օգտվելով Օմանի միջնորդական ծառայություններից։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Պաշտոնական պատասխանը Թրամփի նամակին երեկ (չորեքշաբթի) ուղարկվել է համապատասխան ձևով՝ Օմանի միջնորդությամբ», - ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ Արաղչիի, պատասխանը բաղկացած է երկու փաստաթղթից: Առաջինում ներկայացված են Թեհրանի տեսակետներն աշխարհում առկա իրավիճակի վերաբերյալ, իսկ երկրորդում ամբողջությամբ վերլուծված և մեկնաբանված են Թրամփի նամակում պարունակվող կետերը։

Մարտի 7-ին Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը, ընդգծել էր, որ իր երկիրը երկխոսություն չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն սեփական շահերի մասին և խոսում է սպառնալիքների լեզվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել