168.am-ը գրում է․

Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Արավուս գյուղում բնակիչներն անորոշության մեջ են. թշնամու թիրախի տակ ապրող մարդիկ մտածում են, թե այս անգամ Նիկոլ Փաշինյանն իրենց,և «գլխին ինչ է բերելու» Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելով։

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանի փոխանցմամբ, սահմանին ապրող մարդիկ ավելի լավ գիտեն խաղաղության գինը, և վստահ են՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած խաղաղության թղթով իրենց ու առհասարակ Հայաստանի խաղաղությունը հնարավոր չէ ապահովել։

«Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ Հանրապետության հրապակում նստած որոշում է կայացնում ու սահմանին ապրող մարդուն «գցում կրակը»։

Փաշինյանն ո՞ւմ հետ է ստորագրելու այդ թուղթը, Ալիևի՞, նա չի ստորագրում, պարզ ու հստակ ասել է՝ իր պահանջներն առաջ քաշելով։ Բայց դե Փաշինյանը պատրաստ է ստորագրել այն, ինչն Ալիևը չի ստորագրում։ Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» է պահանջում, ամբողջ Հայաստանն է ուզում, հայ ազգին ստրկացնել է ուզում, Փաշինյանը համաձա՞յն է։

Սահմանին ապրող մարդու կարծիքը հարցրե՞լ են, իրենցից ո՞վ է այսքան ժամանակ եկել ու հարցրել՝ մեռա՞ծ եք, թե՞ ողջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը։

Նա նաև հավելեց՝ եթե հանկարծ Ալիևը ստորագրի այդ թուղթը, ապա այն Հայաստանին, բացի դրականից, ամեն ինչ տալու է՝ իսկ գլխավորը՝ պատերազմ է բերելու։

«Արավուսից՝ 68, Տեղ գյուղից 250 հեկտար թշնամու հսկողության տակ է, իրենք են կանգնած այդ տարածքում, Սև լիճը, Ջերմուկը, Նախիջևանը, Արցախն այդ թղթով Ադրբեջանն զավթած տարածքները վերադարձնելո՞ւ է, իհարկե, ոչ։ Ամեն ինչ տվեցին, հիմա էլ «խաղաղության պայմանագիր» են ստորագրում՝ տվածներն օրինականացնելու համար։

Ադրբեջանն իր պահանջները կատարելու համար ամեն րոպե ու վայրկյան պատրաստ է գնալու ռազմական էսկալացիայի։

Ինձ կներեք, բայց ես իմ ժողովրդի պահվածքից զարմացած եմ, պիտի ոտքի կանգնի, ոտքի կանգնեց՝ ամեն ինչ մեր ուզածով է լինելու։ Չգիտեմ, ուղղակի ափսոս էին մեր տղաները, շատ ափսոս էին…»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Արգամ Հովսեփյանը նաև հարց բարձրացրեց՝ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ թուղթ ստորագրելուց հետո կվերադարձնի՞ Բաքվի բանտերում ապօրինի պահվող պատանադներին, գերիներին, վստահ է՝ որ այդ մարդկանց մասին Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի էլ խոսում Ալիևի հետ։

«Մեր տղաները Բաքվի բանտերում ենթարկվում են ամենավերջին ստորացումներին, խոշտանգումներին, բայց իշխանությունը լուռ է։ Հիշում եք, որ ադրբեջանցի զինվորներ անցան մեր կողմ, պահակին սպանեցին, ի՞նչ արեց ՀՀ իշխանությունը, այդ զինվորներին վերցրեց ու հանձնեց Ադրբեջանին։ Նա ո՞վ դարձավ, որ հային սպանողին հանձնի Ադրբեջանին ու փոխարենը չպահանջի որևէ հայ գերու։ Ո՞վ է տեսել երկրի ղեկավարն իր քաղաքացուն թողած, թշնամուն պաշտպանի, սա հազվադեպ բան է։

Նման հարցերի ու իրավիճակի պատճառով մարդիկ անորոշության մեջ են մեզ մոտ, սահմանին էլ գրեթե նույն անորոշ վիճակն է»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարը, այնուհետև ՀՀ արտգործնախարարությունն օրեր առաջ հայտարարեցին, որ «խաղաղության պայմանագրի» բոլոր 17 կետերի շուրջ բանակցություններն ավարտվել են, կետերից մեկը, որի շուրջ համաձայնության են եկել, վերաբերվում է սահմանից երրորդ երկրների ուժերին հետ քաշելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել