Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Հարց – Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսել է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ո՞րն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում։ 

Պատասխան – Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։ 

Ինչ վերաբերվում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թ․ սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց նաև կարծում ենք, որ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Ինչո՞ւ։ Որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել նման պահանջներ։ Բացի սա, Համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։ Հիշեցնեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության միջև հակասության առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ Նկատի ունեմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ՝ Խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել