Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը  իր էջում գրում է. «Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այսօրվա կիսատ-պռատ մանիպուլյացիաների՝ իմ հայտարարության վերաբերյալ՝

1. Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (այդ թվում՝ իմ) իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատները: Հաշվի առեք, որ ես ստիպված եմ ՀՀ-ին դատի տալու, քանի որ դուք թաքնվում եք պետական մարմինների քողի տակ՝ ձեր բացարձակ սխալ ու հանցավոր որոշումները կայացնելիս: Ամեն դեպքում, վերջին հաշվով այդ դատական ակտերը ուղղված են լինելու այդ որոշումները կայացնող անձանց դեմ:

2. Ի տարբերություն ձեզ՝ ես վաղուց օգնել ու օգնում եմ բազմաթիվ մարդկանց՝ դատի տալու մեզ վրա կրակած ադրբեջանական պետությանն ու հանցագործներին: Եթե կոկորդ չեմ պատռում ու կուրծք չեմ ծեծում, դա դեռ չի նշանակում, թե պարապ նստած եմ: Ի դեպ, ասեմ, որ ես ժամանակին մեծապես օգնել եմ նաև ՀՀ լիազոր մարմիններին հավաքագրելու ծանրակշիռ ապացույցներ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված ՀՀ միջպետական գանգատների համար, որոնցից դուք ապօրինի ու թեթևսոլիկ կերպով հրաժարվում եք:

3. Կասե՞ք, թե այդ որ իրավունքով եք դուք փակում ձեր իսկ հարկատուների ու ընտրողների հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության բոլոր հնարավորությունները: Մի հատ նայեք հայելու մեջ և միգուցե կհասկանաք, թե ում պետք է ուղղեք ինձ հղած Ձեր մեղադրանք-հարցադրումները:

4. Ուզում եք ասել, որ պետական պաշտոնյաներն ինչ կուզեն կանեն, իսկ քաղաքացիներն իրավունք չունե՞ն դատարանով իրենց իրավունքները պաշտպանել ընդդեմ ապօրինի որոշումների: Լո՞ւրջ, պարոնա՛յք, փաստորեն, ՀՀ պետական մարմինների հանցավոր գործողությունների դեմ պայքարող բոլոր անձինք քաղաքացու ձեր մոդելից շա՞տ են շեղվել…

5. Իմ իրական մտադրությունները հասկանալու փոխարեն պարզապես հասկացեք ինքներդ ձեր մտադրությունները՝ այդպիսի լկտիագույն որոշում կայացնելիս: Իմ մտադրությունն ու դրդապատճառը շատ պարզ է՝ հերթական անգամ ապացուցել, որ պետության գործառույթը իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, ոչ թե՝ խախտումը, այն էլ՝ նման մեծ մասշտաբով:

6. Չե՞ք ուզում առերեսվել զանգվածային դատական հայցերի, որոնց արդյունքում արձանագրվելու է ձեր որոշումների հանցավոր բնույթը, ուրեմն՝ մի՛ հրաժարվեք միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից:

7. Սեփական քաղաքացիների ու հարկատուների դեմ հոխորտալու և թշնամու հրահանգներն իրականացնելու փոխարեն ուղղակի կատարե՛ք ձեր ստանձնած պարտավորությունները և ապահովե՛ք մեր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ միջազգային ամենաքաղաքակիրթ մեխանիզմներով:

8. Կբարեհաճե՞ք թարմացնել հիշողությունս, թե հարկատուների միջոցներով ապրողներից որ մեկն էր սեփական քաղաքացու և հարկատուի վրա խայտառակաբար թքողը և դրանով հպարտացողը…

9. Թո՛ղ Ձեզ չթվա, թե ինձնից կամ որևէ տառապած արցախցուց շատ եք փափագում խաղաղության հասնել: Ուզո՞ւմ եք իրական ու կայուն խաղաղություն լինի, ուրեմն ձգտե՛ք արդար ու արժանապատիվ լուծումների, այդ թվում՝ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների քննման ու հետևանքների վերացման տեսքով:

Երբ արդար, արդյունավետ ու համարժեք լուծումներ տաք գանգատներում ներկայացված հիմնախնդիրներին ու խախտումներին, միայն այդ ժամանակ կարող եք հրաժարվել այդ գանգատներից: Մնացած դեպքերում՝ մեղքը ձեր վիզը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել