
15 հազար դրամով կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք հասարակական տրանսպորտից կօգտվեն առանց վճարելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն կերթևեկեն։ Նման նախագիծ է ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, թեև այն մշակել է Երևանի քաղաքապետարանը։ Այս մասին տեղեկացանք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից։
«Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով՝ այո, նման նախաձեռնություն կա։ Տուգանքների կիրառումը կիրականացվի, երբ ԱԺ–ի կողմից հավանության կարժանանա»: Այս մասին այսօր՝ մարտի 14–ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափը որոշակի տարբերություն է իր մեջ ունենալու, մի դեպքում դա վերաբերելու է առհասարակ չվճարողներին, մի դեպքում այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, և մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող և առհասարակ որևէ տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդկանց»,–ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով, տուգանքների կիրառման ժամկետները դեռ հստակ չեն։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար:
Նախաձեռնության համաձայն, ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները ենթարկվելու են տուգանքի 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ՝ տուգանվելու է 18,000 դրամի չափով:
«Մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք և բերենք օրինականության դաշտ, այլ այն, որ եթե կա որևէ ծառայություն, դրա համար պետք է վճարել»,–նշեց նա։
Հայկ Կոստանյանի խոսքով, մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ, որից 210.000-ից ավելին եղել են փաթեթային տոմսեր, որի 71%-ը հիմնական փաթեթներն են, իսկ 29%-ը արտոնություններն են»: