Այսպես կոչված «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր:
ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն: Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը:
Կառավարության ներկայիս ղեկավարն ինքն է հայտարարել. «Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել» (օրինակ` 05.02.2019թ. հարցազրույց): Առավել ևս, ՔՊ ղեկավարը չի կարող հարյուր հազարավոր մարդկանց զրկել իրենց համար ճակատագրական իրավունքներից:
Նա չունի նաև ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն:
Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքներ վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք:
Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0Cc3VDx6HaXSoNq2UrqNJ3SVAYPRcWraNvqBsGTXZpaCeeG6rZBFLbHN7byFH6zCkl&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



