Առաջին գիշերը Սիրայի Լաթաքիա քաղաքում շատ վատ էր, երեկ՝ մարտի 7-ին մինչեւ ժամը 11-ը լավ էր, բայց գիշերը քաղաքի կենտրոնում բախումներ կային, կրակոցների ձայներ էին լսվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նաիրի Կարապետյանը:
«Մենք գաղափար չունենք, թե ինչ է կատարվում դրսում, որովհետեւ մեր բնակարաններից դուրս չենք գալիս: Երեկ կրակոցներն ու բախումները հայաշատ թաղամասում էր, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին ու դպրոցը: Կրակոցները չեն դադարել մինչեւ առավոտ:
Հիմա վիճակը հանդարտ է, սակայն չունենք էլեկտրականություն եւ ջուր: Ինտերնետ կապն էլ շատ վատ է կամ չկա: Բնականաբար, եկեղեցին ու դպրոցը փակ են եւ փակ կմնան մինչեւ վիճակը հանդարտվի: Եթե մինչեւ երկուշաբթի վիճակը հանգիստ լինի, եկեղեցին ու դպրոցը կբացվեն»,-ասաց Նաիրի Կարապետյանը:
Նա հավելեց, որ տեղեկությունները ստանում են արաբական հեռուստաալիքներից, այլ աղբյուր չունեն, քանի որ հայերն իրենց տներից դուրս չեն գալիս:



