
Մեզ՝ բոլորիս, ցնցել է Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը, հուսամ նաև մտածումի, վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել այդ ուղերձը։ Այս մասին՝ զրույց քաղաքացիների հետ ձևաչափի շրջանակներում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձին:
Ըստ նրա՝ այդ ձայնագրությունն ինքնազոհողության ու հաղթանակի մասին էր: «Արդեն իսկ պատկերը հստակ էր. Բաքվի բանտերում գտնվող մեր սիրելի հայրենակիցների, եղբայրների տառապանքի մասին է խոսքս։ Պատկերը հստակ էր, անընդունելի, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարներ կարող են գտնվել թշնամու բանտում, ինչպես ասել ենք՝ դա բոլորիս բանտարկությունն է, մեր պատվի բանտարկությունն է և մի քանի օր առաջ բոլորիս ցնցելը, հուսամ բոլորիս էլ մտածումի առիթ է տվել վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ մարդիկ եղան, որ սկսեցին քննարկել, թե ինչպիսին էր, որտեղ էր, երբ էր, ինչ կերպով էր այդ ձայնագրությունը և այլն, բոլոր ձևերի և այլնի մասին:
«Ինչու՞, որպեսզի պատսպարվեն, որպեսզի սեփական մեղքը կամ սեփական անպատվությունը չընդունեն, որպեսզի սեփական ներդրումը, ինքնազոհողությանն ազդեն ինչ-որ ձևով: Նրանք չխոսեցին խորքային բովանդակության մասին։ Այդ բովանդակությունը վերաբերում է յուրաքանչյուրին՝ «ազատության» մեջ գտնվողներին, վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին՝ մտածելու մեր ապրած կյանքի մասին, հենց այս օրերի, այս ժամին ապրած կյանքի մասին, մեր պատվի մասին, արժանապատվության մասին, Աստծո սիրո մասին, մեր երազների մասին»,- ասել է Սրբազանը: