Cosmo.am-ը գրում է.
Ինչպես ցանկացած հարցում, կանայք ու տղամարդիկ բացարձակապես տարբեր մոտեցումներ ունեն նաև աշխատանքի հարցում: Սա է պատճառը, որ մեր տղամարդ գործընկերները մեզ մի քիչ «խելառ» են համարում:
Ըստ Աննա Դեյվիսի
Որպես կանոն կանայք ձգտում են փորձել իրենց բոլոր բնագավառներում: Սակայն կարիք կա՞ նեղսրտելու, եթե քեզ չի հաջողվում նմանվել որևէ տղամարդ մասնագետի: Մի բան, այնուամենայնիվ, պետք է ընդունել. ստիպված ես աշխատել տղամարդկանց հետ և ավելի հաճախ՝ տղամարդկանց համար, ու լավ կլիներ, որ փորձեիր համակերպվել այս մտքին: Գործը կարող է բարդանալ այն դեպքում, եթե տղամարդիկ սխալ են հասկանում խոսքերդ կամ արարքներդ: Զրուցել ենք «...սխալ ըմբռնում և տղամարդկանց գաղտնի մտքերն աշխատավայրում» գրքի հեղինակ Շանթի Ֆելդահնի հետ, ով իր գրքում հետաքրքիր բացահայտումներ է կատարում` ինչպես են տղամարդիկ արձագանքում սովորական աշխատանքային իրավիճակներին, ինչ եզրակացություններ են անում քո խոսքերից կամ պահվածքից: Նրանց գլխում կատարվողը հասկանալը կարող է բավական օգտակար լինել քեզ համար:
1. Ժողովի ժամանակ ոգևորված քո տեսակետն ես պաշտպանում` աստիճանաբար բարձրացնելով ձայնդ:
Նա մտածում է. «Ինչո՞ւ է այս կինն այսքան զգացմունքային»:
Ցանկացած ոգևորություն կամ հիասթափություն կարող է շփոթեցնել տղամարդկանց, քանի որ նրանք դժվարանում են առաջնորդվել միանգամից թե՛ զգացմունքներով, թե՛ տրամաբանությամբ։ Չեն հասկանում, որ մենք` կանայքս, ի վիճակի ենք գործի դնել երկուսը միաժամանակ:
2. Պլանավորում ես նախագծի հաջորդ քայլերը և մյուսների ներկայությամբ գործընկերոջդ հարցնում, թե արդյո՞ք կատարել է անհրաժեշտ զանգերը:
Նա մտածում է. «Ինձ կանչում է ու, բառի ամենաուղիղ իմաստով, խայտառակ անում»:
Տղամարդկանց էգոն միահյուսված է աշխատանքային պրակտիկայի հետ: Նրանք գժվում են, երբ ինչ-որ բան մարտահրավերի հնչերանգ է ձեռք բերում (նույնիսկ թեթևակի):
3. Դահլիճից դուրս գալիս ղեկավարիդ կանգնեցնում ես ու արագ որևէ բանի թույլտվություն խնդրում:
Նա մտածում է. «Ինձ հետապնդում են»:
Քո նմանօրինակ պահվածքով, անկասկած, ուզում ես ցույց տալ, որ չես ցանկանում նրա ժամանակը վատնել` խնդրանքիդ համար հատուկ հանդիպում նշանակելով: Սակայն իրականում այս կերպ դու նրան խուճապի մեջ ես գցում, քանի որ որոշ «դմբոներին» կոնկրետ ժամանակ է անհրաժեշտ՝ հարցերին և խնդրանքներին պատասխանելու համար:
4. Զգուշացնում ես տնօրենիդ, որ վաղը ուշ կհասնես աշխատանքի, որովհետև առավոտյան պայմանավորվածություն ունես բժշկի հետ:
Նա մտածում է. «Այս աղջիկն այդպես էլ չսովորեց համատեղել իր անձնականն ու աշխատանքը»:
Մտաբերիր, թե ինչպես էիր զարմանում, երբ հանկարծ դաստիարակչուհուդ մանկապարտեզից դուրս էիր տեսնում, քանի որ համոզված էիր` բացի մանկապարտեզից, նա այլ կյանք չունի: Նույն զգացողությունը տնօրենի մոտ է արթնանում, երբ խոսում ես ոչ գրասենյակային թեմաներից:
5. Գործընկերոջդ հակիրճ ներկայացնում ես գործնական հանդիպումը՝ ով կար, ինչ ասացին...
Նա մտածում է. «Ի վերջո ասելի՛քդ ասա»:
Տղամարդկանց հետաքրքրում է վերջնական արդյունքը, մնացածը նրանց համար բամբասանք է: