
Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել, որտեղ նաև ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ։
«Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ: Ներող եղեք: Ես դա չեմ արել վատ մտքով, նախանձից, գոռոզություն կամ վրեժխնդրությունից դրդված: Ես չէի ուզենա որևէ մեկին ցավ պատճառել:
Հատուկ ուզում եմ խոսել մի մարդու մասին, որին ցավ պատճառելու միտքն այստեղ ինձ համար ամենածանրն է: Խոսքը Ալվարդի մասին է: Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին:
Նաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար: Ես արեցի այնքան, որքանի համար կարծում էի բարոյական իրավունք ունեմ, քանի որ ձեզ հետ էի: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց կանխել որոշ բաներ, որոնք իմ կարծիքով…իմ կարծիքով մեզ որպես ազգ վերջնականապես կկոտրեին: Ինձ հաջողվեց դա կանգնեցնել և մի փոքր փոխել պատմության ընթացքը:
Ես երջանիկ էի լինել ձեզ հետ, Արցախի ժողովրդի հետ այդ ծանր օրերին, ողջ ընթացքում զգալ ձեր սերը, վստահությունը, ջերմությունն ու երախտագիտությանը: Ես հպարտանում եմ ձեզնով՝ ինձ հարազատ իսկական պարզ մարդկանցով, ու սիրում եմ բոլորին:
Ես շատ երջանիկ մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում: Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, դրանք իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում և պարում մեր պարերը:
Երջանիկ եմ, որ հաջողվեց մեծաթիվ ընկերների ու գործընկերների հետ մի քանի տասնյակ նախագծեր իրականացնել Արցախում: Այդ թվում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ մահմեդական ընկերոջը (չեմ ուզում անունը նշել՝ խնդիրներ չստեղծելու համար)` Շուշիի մզկիթը միասին վերականգնելու համար:
Հիշեք, որ չարին երբեք չի կարելի չարությամբ պատասխանել. նա դրանից մեծանում է և ավելի ու ավելի ուժեղ դառնում: Սումգայիթից հետո տեղի է ունենում Խոջալուն, և այդպես անվերջ: Այդ ճանապարհն ինձ համար միշտ անընդունելի է եղել, որովհետև այն ապագա չունի, դա միայն փակուղի է, որը, ցավոք, լավ ելք չի ունենում»: