Apashxarutyan masin

 Մի մեղավոր մարդ, որ իր դստերն ապականել էր, եկավ եպիսկոպոսի մոտ` իր հանցանքները խոստովանելու: Արդ, մեծ և զարմանալի զղջմամբ ու հորդահոս արտասուքով խոստովանեց և հարցնում էր.
– Սոսկ զղջմամբ ու չարչարանքներով արդյոք կարո՞ղ եմ Տիրոջից թողություն գտնել:
– Դա անկասկած այդպես է, – պատասխանեց եպիսկոպոսը, – եթե կամենում ես այդպիսի հանցանքներիդ համար ապաշխարել:
Եվ նա ի խորոց սրտի աղաղակեց` ասելով.
– Կամենում եմ, նույնիսկ եթե հազար անգամ մահ հանձն առնել հրամայես:
Իսկ եպիսկոպոսը, թշվառականին գթալով, մանավանդ երջանիկ մեղավորին, ասում է.
– Ես էլ քեզ ընդամենը յոթ տարվա ապաշխարություն եմ տալիս: Այդ ժամանակ նա ասաց.
– Դա ի՞նչ է որ, ինձ` մեծագույն չարագործ մեղավորիս համար ընդամենը յո՞թ տարվա ապաշխարություն ես սահմանում. թե որ մինչև աշխարհի վերջն էլ կենդանի մնայի, այդքան չարագործությունները քավել չէի կարողանա: Ապա եպիսկոպոսը պատասխանեց.
– Գնա՛ և միայն հաց ու ջրով երեք օր պահք պահիր: Այդ ժամանակ մարդն, առավել ողբալով և կուրծք ծեծելով, աղաչեց, որ փրկության ապաշխարությունն առաջնորդի իրեն: Իսկ եպիսկոպոսը, չափազանց զարմանալով և սաստիկ ուրախանալով, նրան պատվիրեց, որ գնա և միայն «Հայր Մեր»–ն ասի և ստուգապես իմանա, որ իր մեղքերը ներված են: Իսկ մարդն այդ ուժգին աղաղակով գետին ընկավ և հոգին ավանդեց: Ուստի անկասկած պարզորոշ է, որ նա այսօրինակ ապաշխարությամբ ընդունելի եղավ Աստծուն և փոխադրվեց անանց կյանք:
***
Մի մարդ, որ վաշխ ու տոկոսներ էր վերցնում, ում քահանան միշտ խրատում և ապաշխարության էր հորդորում, իսկ նա ասում էր.
– Լա՛վ, լա՛վ, կգա ժամանակը, կապաշխ արեմ: Նույնը նաև հիվանդության ժամանակ էր ասում: Իսկ քահանան, տեսնելով դրա
վտանգը, ջանադրությամբ նրան ստիպում էր, որ ապաշխարի: Եվ երբ արդեն մահամերձ էր, քահանան դարձյալ փորձեց` նրան
խոստովանության ու ապաշխարության բերելու: Իսկ նա աղաղակեց.
– Ո՛վ ապաշխարություն, ո՞ւր ես: Այլևս չեմ կարող ապաշխարել: Եվ սա Աստծո արդար դատաստանով է, քանի որ չկամեցա այն ժամանակ, երբ կարող էի ապաշխարել: Այս ասելով էլ՝ մեռավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել