Ստեփանավանում բռնկված հրդեհի հետեւանքով տարհանված բնակիչների համար հյուրանոցում ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ, ներկա պահին իրականացվում է կարիքների գնահատում՝ անհրաժեշտ սննդի, հիգիենիայի պարագաների և հագուստների բաշխման համար:Հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:

«Փետրվարի 8-ին, առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում:

Օպերատիվ կերպով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության 8 մարտական հաշվարկ: Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, տարհանվել են բնակիչները, նախնական տվյալներով կա մեկ զոհ, 4 հոգի հոսպիտալացվել է, մեկն արդեն դուրս է գրվել։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով օպերատիվ կերպով իրականացվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները։

Տարհանված բնակիչների համար հյուրանոցում ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ, ներկա պահին իրականացվում է կարիքների գնահատում՝ անհրաժեշտ սննդի, հիգիենիայի պարագաների և հագուստների բաշխման համար:

Իրականացվող բոլոր աշխատանքները գտվում են հսկողության ներքո»,- հայտնում են մարզպետարանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել