ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինայի հետ՝ երկրի հազվագյուտ հողային տարրերին հասանելիություն ստանալու համար՝ որպես Ռուսաստանի հետ պատերազմում Կիևին ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու պայման: Այս մասին գրում է apnews.com-ը:

Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական և տնտեսական օգնություն է ուղարկել Ուկրաինային, քան եվրոպացի գործընկերները:

«Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակում մենք նրանց տվածի համար կստանանք նրանց հազվագյուտ հողային տարրերը և այլ բաներ», - ասել է Թրամփը:

Թրամփը նշել է, որ Ուկրաինայի կառավարությունից տեղեկություն է ստացել, որ նրանք պատրաստ են գործարք կնքել՝ ԱՄՆ-ի համար հասանելի դարձնելու ժամանակակից բարձր տեխնոլոգիական տնտեսության համար կարևոր տարրերը:

«Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ներդնում: Նրանք ունեն մեծ հազվագյուտ հողային տարրեր: Եվ ես ուզում եմ հազվագյուտ հողային տարրերի հարցում ապահովություն ունենալ, և նրանք պատրաստ են դա անել», - նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը, որն ավելի վաղ ասում էր, որ պատերազմին արագ վերջ կդնի, հավելել է, որ բանակցությունները շարունակվում են՝ հակամարտությունը ավարտին հասցնելու համար:

«Մենք շատ առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցու: Կտեսնենք, թե ինչ կլինի: Մենք պատրաստվում ենք դադարեցնել այդ ծիծաղելի պատերազմը», - եզրափակել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել