
Երեկ արդեն ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կցորդն է եւ կոալիցիոն գործընկերը, հայտարարեց, որ չի մասնակցելու արտահերթ նիստին՝ նշելով, թե «Երեւանի զարգացմանը խոչընդոտող կեղծ օրակարգեր չեն քննարկում»։ Պարզ է, որ ՔՊ խմբակցությունը եւս չի ներկայանա՝ դրանով տապալելով արտահերթ նիստի կայացումը: Մեզ հետ զրույցում ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ չեն մասնակցելու այսօրվա նիստին: Սա ծանոթ ձեռագիր է, որը մշտապես կիրառվում է խորհրդարանում, եւ Երեւանի ավագանին ընդամենը օգտվում է ԱԺ-ի ձեւավորած «նախադեպերից»:
Բացի «Հանրապետությունից» եւ ՔՊ-ից, մյուս խմբակցությունները՝ «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան», ներկայանալու են նիստին, սակայն նրանց քանակը բավարար չէ քվորում ապահովելու համար։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը, անդրադառնալով նախաձեռնված նիստին, ասաց, որ արտահերթ նիստ հրավիրելով, «Մայր Հայաստանը» հերթական շոուն է անում, իրենց խնդրել են միանալ, իրենք էլ ընդառաջել են․ «Իրենք ամենսկզբից էլ գիտեին, որ քվորում չի լինելու, սա շոու է, որը կազմակերպել են «Մայր Հայաստանը» եւ «Ազգային առաջընթացը»։ Ինձ մոտիկացան, ասացին՝ մենք ուզում ենք․․․ խնդրեցին, ասեցինք՝ հարց չկա, ներկայացրին, ասացին՝ ամեն դեպքում ցանկալի կլինի փորձենք, ես էլ ասացի՝ շոու ա, բայց հարց չկա, մենք, ինչպես միշտ, օպոզիցիայի կողքին կկանգնենք, բայց դուք մեր կողքը էն ժամանակ չկանգնեցիք, երբ մենք խնդրում էինք, որ միջնորդություններով Արտակ Գալստյանին դատարանը թողներ կամ հեռավար ընտրեր․․. ու հիմա էս փաստի առաջ ենք կանգնած, որ քվորում չենք կարող տալ»։ Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանը, ապա, ըստ Ավագյանի, այս դեպքում քաղաքացին ինքը պետք է որոշի՝ ինչ անել։ «Մենք մեր անելիքն արեցինք` զոհվածների, անհետ կորածների, այդ խմբի համար տրանսպորտն անվճար ենք կարողացել սարքել․․․ Ես դեմ եմ թանկացմանը, ես կուզեմ անվճար լինի բոլորի համար»,- նշեց նա։
«Ազգային առաջընթաց»-ից Հայկ Գրիգորյանն էլ նշեց, որ ընդդիմությունն ի սկզբանե էլ գիտեր, որ քվորում չի ապահովվելու, քանի որ ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» ընդդիմության օրակարգով նիստին չեն գալու, իսկ առանց նրանց քվորում հնարավոր չէ ապահովել։ «Մենք ընդհանրապես ասում ենք՝ մարդիկ կարող են ընդհանրապես չվճարել, որովհետեւ չկա որեւէ մեխանիզմ` ով ուզում է, կարող է վճարել, ով ուզում է՝ չէ։ Ինձ թվում է՝ այն մարդիկ, որոնք ի վիճակի չեն վճարելու, ընդհանրապես չեն վճարի, ովքեր ի վիճակի են վճարելու, կա՛մ կվճարեն, կա՛մ մասնակի կվճարեն՝ 100 դրամները կտան։ Մեխանիզմ չկա՝ չվճարելու դեպքում ավտոբուս չթողնել, հիմա էլ համակարգն է թերի։ Չվճարելու դեպքում էլ որեւէ հետեւանք չի առաջանա, վարորդն իրավունք չունի գումարային հարցեր կարգավորել, վերահսկիչ կոչվածը չկա, հաստիքներ չկան, որ պտտվեն, տուգանեն»:
«Մայր Հայաստան»-ից Արշակ Սարգսյանը հակադարձում է այս մեղադրանքներին, թե իրենք շոու են անում, քանի որ ակնհայտ էր, որ քվորում չի ապահովվելու: Ասում է՝ իշխանությունը պարտավոր է ներկա գտնվել այս նիստին, իսկ ինչ վերաբերում է Վահան Ավագյանի ասած՝ «հերթական շոու անելուն», նշեց, որ «Հանրային ձայնն» է հենց տրանսպորտի թանկացումն արել, հիմա փորձում են արդարացում գտնել․ «Իրենք էին քվորում ապահովում Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուն․․․ Տեղեկացնեմ, որ վաղը նաեւ կարմիր գծերի թանկացումը կասեցնելու նախագիծ է բերված, հետեւաբար, մենք կսպասենք, տեսնենք` ով է գալու, ով չի գալու»։
Նշենք, որ քաղաքապետարանը մեկ ամսով հետաձգեց տրանսպորտի թանկացման որոշման կիրառումը, եւ փետրվարի 1-ից Երեւանի տրանսպորտից օգտվող ուղեւորները մեկ ուղետոմսի համար 3 անգամ բարձր գին կվճարեն, եթե նախապես քաղաքապետարանի հորինած փաթեթներից չեն օգտվելու եւ որեւէ արտոնյալ խմբում ներգրավված չեն: Մեկ ուղղությամբ փոխադրումը կարժենա 300 դրամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել