Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Վարչապետը շնորհավորել է տիկին Գրոնոյին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ և հիշեցրել, որ 2023 թվականի աշնանը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում իր կողմից ընդգծվել է՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:
Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների առաջմղումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ Կառավարության գործուն քայլերին, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել