Ընդհանրապես, Զվարթնոցում ինչպես նաև Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանին, ռուս սահմանապահները տեղակայվել են ժամանակավոր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է ռուսական սահմանապահների ներկայությունը կրճատել ՀՀ-Թուրքիա սահմանին:
«Նրանք իրենց ծառայությունն են ըստ էության մատուցել Հայաստանի Հանրապետությանը, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանա կազմավորել այն բոլոր անհրաժեշտ ինստիտուտներ և հմտությունները, որոնցով կկարողանա ապահովել ինքն իր սեփական ուժերով այդ ծառայությունները: Հիմա մենք ինչ-որ պահի շնորհակալություն ենք հայտնել ռուսական սահմանապահ ծառայությանը և ասել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այլևս կարող ենք ինքնուրույն հոգալ այդ հարցը։
Այնուհետև, ինչ-որ փուլում նաև ստանձնել ենք ամբողջական վերահսկողություն Հայաստանի և Իրանի միջև գործող անցակետի նկատմամբ, և սա մի կողմից մեր կարողությունների ձևավորման մասին է խոսում, մյուս կողմից երկու երկրների, տվյալ դեպքում Հայաստանի և Իրանի միջև վստահության բարձր մակարդակի վկայություն է: Կարող եմ ասել, որ օրինակ, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի գործող բաց սահման, եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի այդ նույն վստահությունը, ապա մենք կարող ենք քննարկել և դիտարկել այդ հարցը: Իսկ ռազմաբազային վերաբերյալ հարց այս պահին օրակարգում չկա»,- ասաց Միրզոյանը: