Այս օրերին, երբ ՀՀ իշխանություններն ու տարբեր քաղաքական ուժեր զբաղված են մաքսային միության մեջ մտնելու ծրագրի քարոզչությամբ, իսկ անկախության ջատագովներն էլ ,,սուգ են կապել,, թե ՝,,անկախությունը մեր ձեռքից գնում է ,, ՝ Վանաձորում մարդիկ ոտուձեռ ընկած ՝ ձմռան նախապատրաստական աշխատանքներ են տանում: Նրանց ի՞նչ հոգսն է, մաքսային միությա՞ն մեջ կմտնենք, թե՞ ՝ Եվրամիության :Բարձրագույն կրթությամբ երկարամյա գործազուրկ մի կին հենց այդպես էլ ասաց.,,Հա մե՞զ ինչ,,: Նրանք, ովքեր դեռ մի կերպ գոյատեւում են ՝սոցիալական ծանր պայմաններում, ու ինքնասպանության չեն դիմում ՝ թոշակ-նպաստի, ,,երջանիկներն,, ՝ աշխատավարձի կամ ՝ ,,դրսից,, ստացվող օգնությունների շնորհիվ են պահպանում իրենց գոյությունը: Իսկ նրանց մի մասը ռուսական ռուբլով էլ է օգնություն ստանում, եվրոյով էլ: Ռուսաստանից վերջերս եկած ծանոթներիցս մեկը ցավով նկատեց, որ քաղաքում ավելացել է ,,իրենց-իրենց խոսողների թիվը,,: Ես կասեի ՝ երգողների թիվն էլ է ավելացել. ,,էլիտար,, երգիչները բեմի վրա են երգում կամ հեռուստատեսությամբ, ոչ էլիտարներն էլ ՝ փողոցում: Դե Մոսկվայի նման չէ, որ մետրոյի կայարաններում անգամ պրոֆեսիոնալները երգով փող վաստակեն, այս դեպքում երգում են ,,դարդից,, ու նրանք հասարակության մեջ ,,գժվածի,, համարում ունեն: Եթե մի ժամանակ այս կարգի ,,գժվածները,, հատուկենտ տարեցներ էին ՝ հոգեկան շեղումներով, ապա այսօր ցավով ականատես եղանք մի երիտասարդի ,,ցավամորմոք,, ելեւէջներին ՝ քաղաքի խանութներից մեկի առջեւ: Ու նման դեպքերում անցորդները ,,մխիթարվում,, են, որ դեռ իրենք էլ չեն սկսել փողոցում անկապ երգել, ու շատ - շատ ասում են ՝ ,,Էս ուր հասանք...,,: Կայուն, մշտական հոգեկան խաթարում ունեցողներն էլ անհասցե հայհոյելով ու զազրախոսելով ման են գալիս. թեպետ ՝ոմանք կոնկրետ հասցեատիրոջ էլ են ուղղում իրենց խոսքն ՝ ընդդեմ իշխանությունների: Դե հավանաբար սա էլ է անկախության մեծագույն նվաճումներից մեկը. խոսքի ազատություն է, ով ինչ ուզում ՝ասում է . թեկուզ ՝ մարդկանց լսելիքն ապականելու հաշվին, թեկուզ ՝ գիշերային լռություննն ու մարդկանց գիշերային հանգիստը խաթարելով: Ու այդ ժամերին ոչ մի ոստիկան էլ չի հայտնվի. այ եթե ընդդիմության միտինգ լիներ, անպայման կվկայակոչեին հասարակության անդորրը ,,խանգարելու,, մասին ՝ անգամ ՝ ցերեկով...Մի տհաճ երեւույթ էլ է հայտնվել ՝ վերջին 10-15 տարիներին ՝բջջային հեռախոսների ներմուծումից հետո: Չնայած սահմանադրությամբ մարդն ունի հեռախոսային գաղտնիության իրավունք, սակայն շատերը կամավոր իրենց անձնական կյանքը դարձնում են հասարակության սեփականությունն ու փողոցով մեկ հեռախոսով բղավում կնոջ, սիրուհու, փեսայի, ամուսնու, զոքանչի, գործընկերոջ կամ...,,համբալի,, վրա: Իսկ անկախության ամենամեծ նվաճումը ոչ միայն ինտերնետն ու բջջային հեռախոսն է,այլեւ ՝ այն, որ բջջային հեռախոս կարող են ունենալ նաեւ բեռնակիրները, որոնց ամբարտավան տերերը առիթը բաց չեն թողնում նրանց ստորացնել կամ ՝,,համբալ,, անվանել: Ցավոք, ,,համբալ,,օտարալեզու բառը, որ բեռնակիր է նշանակում, հայհոյանք է դարձել անգամ ՝ դպրոցականների համար, եւ նրանք, շնորհիվ սերիալներից ներմուծված բառապաշարի, իրար ,,մեծարում,, են ,,այ համբալ, այ բոմժ,, պիտակներով: Մարդու սոցիալական կարգավիճակը դարձել է հայհոյանքի ատրիբուտ: Ասվածի ապացույցին ականատես եղանք ,,Կենտրոն,, հեռուստատեսությամբ,երբ մայրաքաղաքի Ծածկած շուկայի նկատմամբ տեղի ունեցող ապօրինի գործողությունների առնչությամբ միմյանց հետ վեճի բռնված կանանցից մեկը բղավում էր հակառակորդ ,,բանակի,, վրա ՝,,այ բոմժեր, սոված շներ,,...Պատկերացնու՞մ եք, եթե մարդն արժանապատվությունը պահելու եւ չստորանալու պատճառով է անգամ հայտնվել սոցիալական ստորին սանդղակի վրա ՝,,բոմժի,, կարգավիճակ է ստանում ՝ոչ քաղաքացիական հասարակության կողմից, ու սրանց ՝ ոչ քաղաքացիականների տեսակն այսօր հսկայական է, ու հենց դա էլ ազգի բարոյական ոչնչացման պատճառ է դառնում: Օրեր առաջ էլ մի ողբերգա-զավեշտական տեսարանի ականատես եղա. 2 տղամարդ, որոնցից մեկը ՝ մշտական աղբ քրքրող,միմյանց հետ վեճի էին բռնվել ՝ աղբարկղ նետված լվացքի մեքենայի առնչությամբ:Մեկին դրա սնուցման գիծն էր անհրաժեշտ, մյուսին, թերեւս ՝ ամբողջը, ու մի 20 րոպե ,,Ոսկե հորթը,, ֆիլմի Պանիկովսկու ու Բալագանովի նման քաշքշում էին իրար: Դասակարգային պատկանելությամբ մեկ աստիճան բարձր կանգնածը, որ բջջային հեռախոս ուներ,հակառակորդին սպառնաց, թե կզանգի ուր պետք է; Թե ու՞ր պետք է զանգեր ՝ աղբարկղ նետված մեքենայի առնչությամբ ՝ մնաց անհայտ: Դե արի ու այս խավին հարցում արա, թե ՝ մաքսային միութա՞նն է կողմ, թե՞՝ Եվրամիությանը:Չնայած այս կարգի մարդիկ էլ ընտրական ձայնի իրավունք ունեն, ու հենց նրանց նմանների վրա են հենվում ընտրախավերի կազմակերպիչները: Մի խոսքով, անկախության 22 տարիների ընթացքում ժողովրդի մի զգալի մասի դիմագիծն աղճատվել է, տեսակը ՝ մանրացել, ճղճիմացել, ու ինչպես մեծն Թումանյանը կասեր ՝,,Մինչեւ մարդը շատ հեռու է իր ճամփան,,:Մարդը մարդուն գայլ է, նախկին սպեկուլյանտը ՝ մանր չարչի ՝,,ջիբգիրի,, հոգեբանությամբ, որ ապրանքը տոն օրով թանկ է ծախում, սովորական օրով ՝ էժան: Մեկին թանկ է ծախում, մյուսին ՝ էժան, նայած, թե գին հարցնողի հագուկապն ինչ է հուշում դրամապանակի պարունակության կամ դասակարգային պատկանելության մասին: Ո՞վ է սրա մեղավորը. անկախությու՞նը, թե՞ ՝ անկախության արդյունքում բարձր պաշտոններ ձեռք գցած, կասկածելի ճանապարհով փողատեր դարձած, ազդեցություն ձեռք բերած ճարպիկ մեկը, մի քանիսը կամ սրանց տեսակը:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2013/09/blog-post_24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել