«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում դարձավ բուռն քննարկման առարկա։ Հայր ու որդի դարձան հանրային պարսավանքի առարկա, և, ընդհանուր առմամբ՝ արժանիորեն։
Սակայն այդ պատմության մի շատ կարևոր ասպեկտ՝ կապված ներընտանեկան հարաբերությունների էթիկական սկզբունքների խորը վերաիմաստավորման հետ, կարծես թե մնաց աննկատ կամ նվազ քննարկված, իսկ այդ հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի չգրված կանոններից մեկը՝ զերծ մնալ ծնողների գործողությունների և հայտարարությունների հանրային մեկնաբանությունից կամ քննադատությունից:
Հիշյալ կանոնը ենթադրաբար դնում է որոշակի սահման, որն անհատը չպետք է հատի՝ իր ծնողի խոսքերն ու գործողությունները հանրայնորեն մեկնաբանելիս կամ գնահատելիս: Անհատը պետք է իր մտքում ձևավորի մի շատ կարևոր սկզբունք, այնուհետև հավատարիմ մնա դրան (և, անհրաժեշտության դեպքում դա՛ հանրայնացնի), ըստ որի ինքը չի պատրաստվում իր վրա վերցնել իր հոր արարքների և խոսքերի մեկնաբանի դերը, քանի որ դրանց պատճառները կարող են հասանալի կամ հասկանալի չլինել իրեն։
Նման վարքագիծը ոչ միայն ցուցադրում է արտաքին զսպվածություն սեփական հայտարարություններում, այլ իրենից ներկայացնում է խորը ներքին գործընթաց, որի ընթացքում կա որդիական անբեկանելի հավատ և գիտակցում, որ հոր յուրաքանչյուր գործողություն և խոսք աներկայորեն ուղեկցվում է իր պատմությամբ, մոտիվացիայով և պատճառաբանությամբ: Միևնույն ժամանակ, այս սկզբունքին հավատարիմ մնալը չի նշանակում կուրորեն ենթարկվել կամ հրաժարվել սեփական կարծիքից։ Արտահայտի՛ր սեփական կարծիքդ, բայց երբե՛ք մի դատիր ծնողիդ և մի՛ հակադրվիր նրան։
Ինչպես որ «անքննելի են Աստծո գործերը», այնպես և անքննելի են ծնողի հայտարարություններն ու գործողությունները, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում անհատի արդարության պատկերացմանն ու էթիկական հայացքներին։ Այլ կերպ ասած՝ «անքննելի են հորս գործողություններն ու հայտարարությունները, դրանք արժանի են հարգանքի՝ առնվազն դրանց իրական կոնտեքստի վերաբերյալ մեր անտեղյակության տեսանկյունից, ինչպես նաև այն կանխավարկածով, որ դրանց հիմքում ընկած է կենսափորձի մի ահռելի պաշար»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել