168.am-ը գրում է․

Ֆրանսիական անդրծովյան Մայոտ արշիպելագում հզոր ցիկլոնի հետևանքով հարյուրավոր, հնարավոր է նաև՝ հազարավոր մարդիկ մահացած լինեն։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ֆրանսիացի պաշտոնյաներից մեկին։

«Շիդո»-ն համարվում է վերջին մեկ դարի ընթացքում Հնդկական օվկիանոսում գտնվող Մայոտին պատուհասած ամենահզոր ցիկլոնը։ Այն մեծ ավերածություններ է արել, քշել-տարել հարյուրավոր տներ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս փուլում դժվար է որոշել զոհերի թիվը։

«Զոհերի թվի առումով դժվար է լինելու, քանի որ Մայոտը մուսուլմանական տարածք է, որտեղ մահացածներին հողին են հանձնում 24 ժամվա ընթացքում», – հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնյաներից մեկը։Ցիկլոնը դեկտեմբերի 15-ին Մայոտից շարժվել է Մոզամբիկ՝ բերելով անձրևներ և ուժգին քամիներ, վնասելով էլեկտրալարերը և հեռահաղորդակցության ենթակառուցվածքը։

Ֆրանսիան Մայոտը գաղութացրել է 1843 թվականին, իսկ Կոմորոսը՝ 1904 թվականին։ 1974 թվականի հանրաքվեի ժամանակ Կոմորյան կղզիների 95%-ը կողմ քվեարկեց Ֆրանսիայից բաժանմանը, սակայն Մայոտի 63%-ը քվեարկեց Ֆրանսիայի կազմում մնալու օգտին։ Կոմորյան կղզիներից Գրանդ Կոմորը, Անժուանն ու Մոհելին անկախություն են հռչակել 1975 թվականին: Մայոտը դեռևս կառավարվում է Փարիզից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել