«Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդում» խորագրով Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ Գլոբալ ֆորումի ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր զեկուցողներին հետաքրքիր և բովանդակային քննարկումների համար: Անդրադառնալով թեմատիկ քննարկումներին՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում միանման քաղաքականություն որդեգրած փոքր պետությունների առաջնորդության կարևորությունը:
Վահան Կոստանյանը նշել է, որ, չնայած բոլոր մարտահրավերներին, նախադեպերին և հաջողված պատմությունների սակավությանը, անհրաժեշտ է ապահովել այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շարունակականությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն առաջ մղելու նպատակով:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում քաղաքական կամքի կարևորությունը:
Ամփոփելով՝ Վահան Կոստանյանն իր խոսքում նշել է.
 «Ինչպես նշվեց քննարկումներից մեկի ընթացքում՝ մենք ենք միջազգային հանրությունը, և մենք պետք է ապահովենք միջազգային իրավունքի կիրառումը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել