Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ծաղկաձորում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Արթկոսմեդ»-ում պլաստիկ վիրահատությունից հետո կնոջ մահվան դեպքին` նշելով, որ այս դեպքով տեսչական մարմնից ստացել են լիցենզիայի կասեցման միջնորդություն և առաջիկա նիստերում այդ հարցը կքննարկվի:

«Լիցենզիոն պայմանների խստացման ենք գնում, փաթեթը մասնագետների կողմից արդեն իսկ վերանայվել է, բայց սա էլ է շրջանառության մի քանի փուլեր է անցնում: Երբ լիցենզիոն կանոնները փոխվում են, որոշակի ժամկետ ենք տալիս, որ բժշկական կենտրոնները այդ ժամկետներում վերափոխեն իրենց թե՛ սարքավորումները, թե՛ մասնագիտական պահանջները, թե՛ տարածքների նկատմամբ պահանջները, այսինքն գնում ենք լիցենզիոն պայմանների խստացման:

Վերափոխել ենք մասնագիտությունների ցանկը, որ հստակ լինի, թե ինչպիսին պետք է լինեն պլաստիկ խիրուրգիայի ծավալները, ինչի իրավունք ունի պլաստիկ խիրուրգը և ինչի իրավունքը չունի»,- ասաց նա:

Ավանեսյանը նշեց, որ հարցը չպետք է դիտարկվի որպես մի կենտրոնի խնդիր:

Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել էր։

Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ:

Նշենք, որ սա միակ դեպքը չի եղել այդ կենտրոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել