Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը դատավոր Լիլիթ Սաղոյանի գլխավորությամբ մերժել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Tert.am-ի:

Նշենք, որ ԶՊՄԿ-ն ներկայացված հայցադիմումով դատարանին խնդրում էր՝  պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել 24․01․2024թ. լրատվականում տեղ գտած հարցազրույցի որոշ մասեր:

Հայցադիմումով պահանջել էր նաև Tert.am-ից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես խախտված իրավունքների դիմաց փոխհատուցման գումար:

ԶՊՄԿ-ն հայցադիմումը դատարան էր ներկայացրել 15.03.2024թ-ին:

Նոյեմբերի 15-ին դատարանը ամբողջությամբ մերժել է հայցը:

Վճիռը կայացնելիս դատարանը մասնավորապես նշել է . «Հարկ է ընդգծել, որ հրապարակումը թեև կատարվել է պատասխանողի կողմից հրապարակային ձևով և ուղղված է եղել հայցվորին, այնուամենայնիվ, վերջինս հրապարակման հետ միաժամանակ նշել է. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպանական խնդիրներով զբաղվող Օլեգ Դուլգարյանը Tert.am-ի հետ զրույցում շեշտել է և այնուհետև շարունակել է մեջբերել այն, ինչ նշել է Օլեգ Դուլգարյանը:

Այսպես, հայցադիմումում որպես զրպարտություն որակվող արտահայտություններից 4-5-րդ, 8-13-րդ կետերում նշված արտահայտությունները հոդվածում ներկայացվել են կամ չակերտների մեջ՝ իբրև հարցազրույց տված անձի՝ Օլեգ Դուլգարյանի, խոսքի ուղղակի մեջբերում, կա, հղում կատարելով վերջինիս: Նշվածից երևում է, որ պատասխանողը հոդվածում ներկայացնելով որոշակի փաստական տվյալներ, միաժամանակ հղում է կատարել իր տեղեկատվության աղբյուրին՝ որոշակի նույնականացվող անձի, նշել այդ անձին անհատականացնող տվյալներ»:

Բացի այդ, դատարանը եկել է եզրահանգման, որ հոդվածում թե որպես հարցազրույց տված անձի ուղղակի խոսքի մեջբերում ներկայացված, թե որպես հոդվածագրի ինքնուրույն դատողության արդյունք հանդիսացող արտահայտությունները հանդիսացել են գնահատողական դատողություններ, որոնք հիմնված են եղել բավարար փաստական հիմքի վրա, և պատասխանողը գործել է բարեխիղճ՝ կոնկրետ հայցվորի մասով հոդվածի մեջ տեղ գտած տեղեկությունները ներկայացնելով հավասարակշռված ձևով, առանց ավելորդությունների, ուստի ներկայացված արտահայտությունների իմաստային ծանրաբեռնվածությունից առնվազն դատարանի մոտ չի ձևավորվել այն համոզմունքը, որ պատասխանողն ի սկզբանե ունեցել է հայցվորի պատիվն, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այլ գործել է բարեխիղճ:

Վերը նշված հարցազրույցի համար ԶՊՄԿ-ն դատական հայց էր ներկայացրել նաև ընդդեմ Օլեգ Դուլգարյանին: Պահանջում էր հերքել զրպարտություն պարունակող արտահայտությունները, նաև բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես խախտված իրավունքների դիմաց փոխհատուցման գումար:

Սակայն դատարանը հայցադիմումը հետ էր վերադարձրել շտկումների համար, ինչից հետո նոր հայցադիմում ԶՊՄԿ-ն ընդդեմ Դուլգարյանի չի ներկայացրել:

Ավելի վաղ իրավաբան Վահագն Գրիգորյանը Tert.am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ ԶՊՄԿ-ն փորձ է անում լռեցնել թե՛ բնապահպաններին, թե՛ լրատվամիջոցներին:

Իրավաբանը նշել էր, որ լրատվականը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե հղում է  կատարում տեղեկատվության աղբյուրին կամ հեղինակին և չի ազատվում պատասխանատվությունից, եթե չնույնականացվող աղբյուրի տեղեկատվություն է տարածել։ Ավելին, նա ընդգծել է, որ բնապահպանական տեղեկատվությունը հանրությանը հուզող հարց է, և հանրությանը հուզող հարցը տարածելու դեպքում հրապարակված նյութը օգտվում է առավելագույն պաշտպանությունից, բայց այստեղ քննարկում ենք ամենաառաջնային կետերը, այստեղ ընդհանրապես պատասխանատվության հարց էլ չպետք է քննարկվի։

Նշենք, որ ԶՊՄԿ-ն համաձայն չէ դատարանի կայացրած վճռին և դիմելու է Վերաքննիչ դատարան՝ գործը նորից ընդհանուր իրավասության դատարանում քննելու համար:

ԶՊՄԿ-ն հիմք է բերում այն, որ հարցազրույցը «գոյություն չունի» քանի որ պատասխանող կողմը չի ներկայացել դատարան և չի ներկայացրել հարցազրույցի ձայնագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել