Ադրբեջանում հերթական անգամ պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը։

«Ադրբեջանական հանրությանը լավ հայտնի է, որ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է  տարածքային պահանջներ մեր երկրից»,- ինչպես այս մասին տեղեկացրել է APA-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք սպասում ենք Հայաստանից վճռական քայլեր այս հարցում։ Փաստարկները, որոնք մենք լսել ենք վերջին ժամանակներս Հայաստանի կողմից, մեզ չեն կարող բավարարել։ ՀՀ Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումը խորացրել է հարցը։ Որովհետեւ  Հայաստանի Սահմանադրության ներածությունում կա հղում այն փաստաթղթին, որը եղել է Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո, եւ դրանում կա տարածքային պահանջ Ադրբեջանից։ Այդ որոշումը էլ ավելի է բարդացնում իրավիճակը»,- նշել է նա։

Նշենք, որ ադրբեջանցի պաշտոնյաների «ցուցադրական ելույթները» հարմարեցված են Երեւանում ընթացող միջազգային կոնֆերանսին ցեղասպանության հանցագործության դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել