ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի բարձրաստիճան հատվածին և հանդես եկել ելույթով:
«Անգամ օրեր առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն, անգամ դրանից երեք օր առաջ, անգամ դրանից երեք օր հետո՝ այսօր, աշխարհի տարբեր անկյուններում և հատկապես զինված հակամարտությունների գոտիներում մենք ականատես ենք լինում ցեղասպանական գործողությունների, դրսևորումների, ազդակների, որոնք խոսում են մարդկության դեմ հասունացող նոր հանցագործությունների մասին։
Ցավոք, միջազգային հանրությունը ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։ Մեր տարածքաշրջանում դրա ականտեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
Ցավոք, մենք անկարող եղանք կանխել, և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին: Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին: Իսկ նշված ռիսկի գործոններից ամենաէականն՝ ատելության տարածումն, ի վերջո, ատելության խոսքից վերածվեց հանցագործության:
Աշխարհում տիրող իրավիճակն ու ցեղասպան ռիսկերի վտանգավոր միտումները, պետք է ստիպեն գտնել մարդկանց կյանքերը փրկելու առավել արդյունավետ ճանապարհներ, ծանր բյուրոկրատական մեքենան պետք է դառնա ավելի զգայուն և ճկուն, ոչ միայն արդյունավետ կերպով արձագանք ապահովելու, այլև բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք դրսևորելու առումով:
Ազգային, ռասայական, էթնիկ խմբերի պաշտպանության ապահովումը պետք է շարունակի լինել մարդու իրավունքների միջազգային համակարգի ուշադրության կենտրոնում»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02BWsGr8ZCxsM5NccqKCrbZZZfKXbSQniVSGZFZdSroZu3qcvELJGYxdXEiewpLxfQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել