Բավականին մեծ հետաքրքրությամբ հետևում էի երեկ Սոչիում տեղի ունեցող ՀԱՊԿ անդամ պետությունների գագաթնաժողովին: Մեր հասարակության այն հատվածի համար, ով լավատեսորեն չէր տրամադրված (իսկ այդպիսին շատ են, անկախ նրանից, թե ինչ տոնայնություն է տիրում ֆեյսբուքում) Հայաստանի արևմտամետ արտաքին քաղաքականության նկատմամբ, բավականին ուշագրավ հայտարարություններ էին հնչում ու քայլեր էին արվում, հատկապես Սերժ Սարգսյանի կողմից: Հասարակության այն հատվածի համար էլ, ով լավ էր տրամադրված արևմտամետության հանդեպ ու դեռ հույս ուներ, որ մինչև Վիլնյուսյան գագաթնաժողովը ինչ որ ձևաչափ հնարավոր կլինի մտածել ԵՄ-ի հետ հարաբերությունները առաջվա հոգուն վերադարձնելու համար, երեկվա օրը անկասկած վատ օրերի շարքից էր:
Իսկ եթե կտրվենք «դուր է գալիս»/«դուր չի գալիս» եզրույթներից ապա, երեկվա օրը հագեցած էր շատ ուշագրավվ դրվագներով, որոնցից դատելով կարելի է եզրակացնել, որ Եվրոպայից հնչած ազդանշանները դուր չեն եկել մեր ղեկավարությանը, կամ չեն արդարացրել նրանց հույսերը, որովհետև առնվազն վերջին 5-10 տարիների ընթացքում Հայաստանը դեռ չէր դրսևորել նման եթե ոչ հակաարևմտամետ, ապա գոնե ալևելամետ վարք:
Սկսենք նրանից, որ առաջին բանը, որ արել էր Սարգսյանը՝ Լուկոշենկոյի հետ էր հանդիպել, իսկ Լուկոշենկոն, ինչպես հայտնի է, Արևմտյան լրատվամիջոցներում վայելում է «Եվրոպայի վերջին բռնապետի» համբավը ու հանդիսանում է նախկին խորհրդային տարածքում ցանկացած ինտեգրացիոն պրոցեսսների ջատագով ու կողմնակից:
Լուկոշենկոյի հետ հանդիպման վրա կարելի էր աչք փակել, եթե դրան չհետևեին Սերժ Սարգսյանի երկու մեկը մյուսից ուշագրավ հայտարարությունները: 
Նախ, երկու տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը առաջին անգամ նման բարձր մակարդակով իր մտահոգությունն արտահայտեց Սիրիական ճգնաժամի վերաբերյալ: Պուտինի՝ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից միացյալ դիրքորոշում մշակելու կոչը սատարելով, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առնվազն աշխարհագրապես Սիրիային ՀԱՊԿ անդամ երկրներից ամենամոտը Հայաստանն է, իսկ եթե դրան հավելենք բազմահազարանոց հայկական համայնքի ներկայությունը, ապա Հայաստանը չի կարող չանհանգստանալ իրավիճակկի վատթարացումով:
Երկրորդ ուշագրվա հայտարարությունը նախագահի կողմից կայանում էր նրանում, որ Սարգսյանը կոչ արեց ՀԱՊԿ անդամ երկրներին աջակցել հայաստանին Շանհայան համագործակցության կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ ստանալու համար: Բանն այն է, որ այս կազմակերպությունը այն եզաքկի աշխարհաքաղաքական միավորումներից է, որ գոնե տեսականորեն ի զորու է ապագայում ձևավորելու նոր բևեռ, որը կլինի անլգլո-սաքսոնական-եվրոպական բևեռի այլընտրանքն ու մրցակիցը, իսկ դրա անդամ երկրներից շատերը վատ կամ շատ վատ հարաբերությունների մեջ են ԱՄՆ-ի ու առհասարակ Արևմուտքի հետ:
Այսպիսով, աշխարհը հիմա ճամբարների է բաժանվում ու կարծես թե Հայաստանը ընտրել է մի ճամբար, որտեղ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը տեղ չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել