Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերը՝ ընդգծելով մի կողմից՝ վերջին տարիներին ձևավորված համագործակցության ամուր հիմքերը և մյուս կողմից՝ գործընկերությունը համատեղ ջանքերով առավել խորացնելու պատրաստակամությունը։
Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում առկա հեռանկարները։
Նախարար Միրզոյանը նշել է. «Նիդերլանդները ՀՀ համար հանդիսանում է կարևոր գործընկեր ԵՄ հետ փոխգործակցության հետագա առաջմղման հարցում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։»
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել