ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հունվարին պաշտոնը լքելուց առաջ, որդուն՝ Հանթեր Բայդենին, 2 քրեական գործով ներում է շնորհել: Խոսքը զենքի պահման օրենքի խախտման և հարկերից խուսափելու գործերի մասին է։ Սպիտակ տունն այս մասին հայտարարություն է հրապարակել, որում նախագահն ընդգծել է, որ որդու դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։

«Այսօր ես ներում եմ ստորագրել իմ որդու՝ Հանթերի համար։ Պաշտոնը ստանձնելու օրվանից ասել եմ, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումների կայացմանը, և ես պահել եմ իմ խոստումը, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսել եմ, թե ինչպես են իմ որդուն ընտրողաբար և անարդար կերպով հետապնդում», - նշել է Բայդենը՝ ընդգծելով, որ որդու դեմ գործերով մեղադրանքներն առաջ են եկել միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսում քաղաքական հակառակորդներից մի քանիսը  ընդդիմացել են իր՝ նախագահ ընտրվելուն: 

«Ոչ մի ողջամիտ մարդ, ով նայում է Հանթերի գործերի փաստերին, չի կարող որևէ այլ եզրակացության գալ, քան այն, որ Հանթերին առանձնացրել են միայն այն պատճառով, որ նա իմ որդին է, և դա սխալ է: Հանթերին կոտրելու փորձեր են արվել... Փորձելով կոտրել Հանթերին՝ նրանք փորձել են կոտրել ինձ», - նշել է Բայդենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել