168.am-ը գրում է․

Ռուսաստանի միջուկային «հովանոցը», համաձայն թարմացված միջուկային դոկտրինի, առաջին հերթին տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Աստանայում ՀԱՊԿ-ի երկրների Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստի շրջանակներում։

«Առաջին հերթին ես ուզում եմ ասել, որ հին դոկտրինը նույնպես նախատեսում էր այս հովանոցը, այդ թվում՝ մեր դաշնակիցների համար։ Դա պարզ էր, հստակ սահմանված էր։ Ինչ վերաբերում է նոր դոկտրինին, բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է ՀԱՊԿ երկրներին։ Առանձին հավելում կա, իմ կարծիքով, բավականին կարևոր, որը վերաբերում է Բելառուսին», – Շոյգուի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Նա հավելել է, որ դոկտրինում սահմանված են նաև միջուկային զենքի կիրառման չափանիշները, երբ  Բելառուսի դեմ ագրեսիա իրականացվի սովորական զենքերով, և երբ վտանգված լինի հանրապետության գոյությունը։

Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության թարմացված հիմունքները հաստատելու մասին։

Փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել