Դատախազության ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի գործով։

Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ նրա դեմ ցուցմունք տված անձիք՝ Աշոտիկ Կամավոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը առերեսման ժամանակ պնդել են, որ Աղազարյանը կաշառք է ուզել իրենցից՝ գործընթաց կազմակերպելու համար։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրել էր. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։

«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը. սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել