Psymag.am-ը գրում է.

Դեռահասության շրջանը մարդու կյանքում ամենադժվարին, հակասական և բեկումնային իրադարձությունների ժամանակահատվածն է: Տարիքային այս փուլում տեղի են ունենում խորը փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենում երեխայի անձի ձևավորման և զարգացման վրա: Այս շրջանը բնորոշվում է ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման բազմաթիվ առանձնահատկություններով: 

Դեռահասի անձի զարգացման հիմնախնդիրը ոչ միայն հոգեբանա-մանկավարժական, այլև սոցիալական կարևորագույն խնդիր է: Հենց այս տարիքում է մարդն անցնում իր զարգացման կարևորագույն ուղին` հաղթահարելով ներքին և արտաքին բազմաթիվ կոնֆլիկտներ, ձեռք բերելով անձնավորություն լինելու զգացողություն: Դեռահասի հաղորդակցման հիմնախնդիրը բազմիցս ուսումնասիրել են բազմաթիվ հոգեբաններ` Լ. Բոժովիչ, Ի. Կոն, Լ. Վիգոդսկի, Դ. Ֆելդշտեյն, Դ. Էլկոնին, Ժ. Պիաժե,Կ. Լևին, Շ. Բյուլեր և այլք: Նրանցից շատերի կարծիքով` դեռահասի հետագա սոցիալականացման և ժամանակակից հասարակությանն ինտեգրվելու գործընթացը մեծապես կախված է վերջինիս հաղորդակցային ոլորտի զարգացման արդյունքներից: Գրեթե բոլոր հոգեբանները համակարծիք են, որ հաղորդակցումն անգնահատելի դեր ունի դեռահասի անձի զարգացման գործում, ուստի և սկզբունքորեն կարևոր է դառնում վերջինիս առանձնահատկությունների ուսումնասիրությունը:

Հեղինակ՝ Սուսաննա Ավետիսյան 
«ԳՈՅ» 
հոգեբանական կենտրոնի 
հոգեբան

Հաղորդակցումը մարդկանց փոխազդեցության գործընթաց է: Դրա շնորհիվ արտահայտվում և ձևավորվում են միջանձնային հարաբերությունները: Այն դիտվում է որպես գործունեության ձև` ուղղված շփվող մարդկանց միջև տեղեկատվության փոխանցմանը: 
Հոգեբանական գրականության ուսումնասիրությունը թույլ է տալիս առանձնացնել հաղորդակցման երեք կարևոր տեսանկյուն` հաղորդակցային (տեղեկատվության փոխանակում մարդկանց միջև), պերցեպտիվ (մարդկանց փոխըմբռնում), ինտերակտիվ (շփվողների միջև փոխգործունեության կազմակերպում): Կարելի է եզրակացնել, որ հաղորդակցումը գործնականում հետևյալ երեք բաղադրիչների համակցումն է: 
Դեռահասի համար հաղորդակցումը տեղեկատվություն ստանալու ճանապարհ է: Այն և՛ գործունեության առանձահատուկ ձև է և՛, միևնույն ժամանակ, միջանձնային հարաբերությունների հաստատման միջոց:  

Անդրադառնանք հաղորդակցման բոլոր գործառույթներին, որոնք էական կարևորություն են ներկայացնում դեռահասի անձի զարգացման և նրա սոցիալականացման գործընթացի համար: 
Դեռահասը, շփման միջոցով, իրեն առավել հուզող թեմաների վերաբերյալ ձեռք է բերում տեղեկատվություն, որը այս կամ այն պատճառով նրան հասու չի եղել: Հաղորդակցման ընթացքում ձևավորվում է սոցիալական փոխգործունեության, խմբի կարգուկանոնին ենթարկվելու անհրաժեշտ ունակություն: Միևնույն ժամանակ, հնարավորություն է ընձեռվում հաստատելու սեփական իրավունքները, ձևավորվում են հաղորդակցային համապատասխան որակներ: Դա մի յուրօրինակ հուզական շփման ձև է, քանի որ խմբին պատկանելու գիտակցությունը դեռահասի մեջ առաջացնում է հուզական բարեկեցության զգացողություն և ձևավորում ինքնահարգանք: Միջանձնային հաղորդակցումը դեռահասի առաջատար գործունեությունն է, քանի որ այդտեղ է իրականանում ինքնագիտակցության ձեռքբերումը, սեփական ես-ի գիտակցումը, իր մասին պատկերացումների ձևավորումը (2)
Միջանձնային հարաբերությունները չափազանց կարևոր են դեռահասի կենսագործունեության համար: Այդ առումով առավել էական նշանակություն ունի շփումը հասակակիցների հետ: Այս շրջանում շփման գործընթացի մոտիվացիայի ոլորտում տեղի են ունենում էական փոփոխություններ: Կարծես մեծերի հետ հարաբերությունները կորցնում են իրենց հրատապությունը, և առավել կարևորություն է ստանում շփումը հասակակիցների հետ (3): Հասակակիցների հետ շփումը դառնում է դեռահասի ամենակարևոր պահանջմունքներից մեկը, քանի որ այս տարիքի երեխաներն ունեն մի շարք առանձնահատուկ հետաքըրքրություններ և հուզող հարցեր, որոնց բավարարումը հնարավոր է միայն անմիջական շփման միջոցով (4)

Դեռահասի շփման գործընթացն իրականանում է տարբեր ձևերով: Շփման խմբերն են` դպրոցական կոլեկտիվ, ոչ դպրոցական խումբ, տարբեր ռեֆերենտային խմբեր, տարերային խմբեր և այլն: Այստեղ կարևորվում է որևէ խմբին պատկանելու, այդ խմբի անդամը լինելու ձգտումը, որն էլ որոշում է դեռահասի վարքն ու ինքնագնահատականը: 
Դեռահասի համար առանձնապես կարևորվում են հարաբերությունները համադասարանցիների հետ: Դասարանում դեռահասի ձեռք բերած կարգավիճակը կարող է վճռորոշ դեր ունենալ նրա հետագա սոցիալականացման, վարքի և ինքնագնահատականի համար: Ցածր կարգավիճակը ստեղծում է բարձր տագնապայնություն, որն էլ կարող է պատճառ դառնալ դպրոցը լքելու և տարերային խմբերին ինտեգրվելու: Հեռանալով դպրոցից` նրանք որոնում են այնպիսի խմբեր, որտեղ կարող են ինքնահաստատվել և փոխհատուցել դպրոցում ունեցած ցածր կարգավիճակը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախ, որքան ցածր է լինում կարգավիճակը դպրոցի կոլեկտիվում, այնքան այն բարձր է լինում տարերային խմբում: Հասակակիցների հետ հաղորդակցումը դառնում է նրա համար ամենահաճելի զբաղմունքը: Դեռահասները օրվա մեծ մասն անցկացնում են միասին, որն էլ հաճախ ծնողների հետ բախումների պատճառ է դառնում: Այս իրավիճակում ուսումնական գործընթացը մղվում է երկրորդ պլան: Միմյանց հետ շփման կարևորությունն այն է, որ դեռահասները շփվում են իրավահավասարության սկզբունքով, ինչը մեծերի հետ շփման ընթացքում գրեթե անհնարին է:

Շփման գործընթացում նրանց միջև ձևավորվում է ռեֆլեքսիայի ունակություն: Նրանք ակտիվորեն վերլուծում են և՛ սեփական, և՛ ընկերների գործողությունները, վարքը: Մյուս կարևոր պատճառը «ազատ» շփվելու հնարավորությունն է: Հասակակիցների հետ շփվելով` դեռահասը փորձում է կայանալ որպես անձնավորություն, պարզել սեփական հնարավորությունները, իսկ այդ ամենն իրականացնելու համար վերջինիս անհրաժեշտ են անձնական ազատու- թյուն և սեփական պատասխանատվություն: Ազատ ինքնաարտահայտվելու հնարավորությունը օգնում է դեռահասին ինքնահաստատվել, ընկերների շրջանում ձեռք բերել «մեծ» լինելու զգացողություն, որն էլ այս տարիքային խմբի կարևոր հատկանիշներից է: 

Դեռահասի համար էական նշանակություն ունի հասակակիցների կարծիքը սեփական անձի և գործունեության վերաբերյալ: Հետևելով հասակակիցներին և կրկնօրինակելով նրանց` դեռահասն սկսում է իր մեջ զարգացնել ընկերների շրջանում առավել գնահատված որակներ: Տեղի է ունենում այսպես կոչված արժեքների վերագնահատում, ձևավորվում է բարոյագեղագիտական արժեքների նոր համակարգ: Ընդ որում, շատ հաճախ այդ արժեքներն ավելի կարևոր նշանակություն են ստանում դեռահասի համար, քան մեծահասակների մեջ առկա արժեքները: Ըստ Ա.Մուդրիկի, որը երկար ժամանակ ուսումնասիրել է անձի սոցիալականացման հիմնախնդիրները, դեռահասի շփման բովանդակության մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները. 
1) կյանքի բարոյագաղափարական խնդիրներ (կյանքի իմաստ, համաշխարհային, գլոբալ խնդիրներ, կյանքի պլաններ, մարդկային փոխհարաբերություններ), 
2) կյանքի իրադարձային կողմը (դասարանցիների կյանքը, ծանոթների արարքները, հասակակիցների պահվածքը, գործողությունները, հիշողությունները, մոտակա պլանները), 
3) կյանքի հուզական կողմը (տպավորությունները, որևէ մեկի կամ որևէ երևույթի հանդեպ սեփական վերաբերմունքը, սեփական զգացմունքները, ապրումները, տրամադրությունները), 
4) կենցաղի առարկայական կողմը (սեփական կենսագործունեության բովանդակությունը և դրա իրականացման միջոցները, առարկայական գեղագիտական միջավայրը) (5):

 Անձի զարգացման դժվարությունները այս տարիքային փուլում ուղեկցվում են միայնության զգացումով: Հետևաբար, դեռահասի մեջ անհագ ցանկություն է առաջանում անընդհատ լինելու ընկերների հետ` հույս ունենալով գտնել այն, ինչը նրանց արգելում են ծնողները` անմիջականություն, կարևորության զգացողություն և ձանձրույթը փարատելու տարբեր միջոցներ: Դեռահասի համար կարևոր է ոչ միայն լինել ընկերների շրջապատում, այլև զբաղեցնել ցանկալի կարգավիճակ: Ոմանց համար կարևոր է անպայման իշխող դիրք գրավել խմբում, մյուսներին բավարարում է պարզապես ընկերների կողմից սիրված և ընդունված լինելու զգացողությունը: Դեռահասի շփման բուն գործընթացը հետզհետե դառնում է առավել խոր և բովանդակալից, ընդլայնվում է նրանց հոգևոր և մտավոր հաղորդակցումը, առաջանում են հուզական հաղորդակցման տարբեր ձևեր` ընկերություն, սեր(6):

Պատանեկան ընկերության ամենակարևոր կողմը կայունությունն է, խորությունը և մտերմությունը: Հոգեբանական տեսանկյունից, ընկերությունն այս տարիքում կարևորվում է նրանով, որ վերջինս ինքնաճանաչման, ինքնաբացահայտման և դիմացինին հասկանալու մեծ դպրոց է (7): Մտերիմ ընկեր, այսպես կոչված երկրորդ «ես»-ն ունենալու պահանջմունքը դեռահասի համար ամենակարևորն է: 

Ռոմանտիկ և սեռական բնույթի հարաբերությունները ևս ունեն իրենց կարևորությունը դեռահասի կյանքում: Առաջին զգացմունքները դեռահասի հոգում թողնում են այնքան մեծ ազդեցություն, որ շատերը նույնիսկ մեծ տարիքում հիշում են հենց այդ զգացմունքները: Հակառակ սեռի հանդեպ ռոմանտիկ հարաբերությունները դեռահասին ստիպում են երազել: Այդ երևակայական աշխարհում նա մտովի իրականացնում է ամենաանհավանական արարքներն ու մտահղացումները: 

Ամփոփելով կարելի է եզրակացնել, որ հասակակիցների հետ հաղորդակցման գործընթացը դեռահասի անձի զարգացման վրա թողնում է հետևյալ դրական ազդեցությունները. 
1. խթանում է ինքուրույնության առաջացմանը, իր կյանքի համար պատասխանատվություն կրելու ունակության ձևավորմանը, 
2. նպաստում է ինքնության ձևավորմանը, ես-ի ամրապնդմանը, ինքնահաստատմանը, 
3. Նպաստում է ինքնագիտակցության ձևավորմանն ու զարգացմանը, ներքին երկխոսության և ռեֆլեքսիայի կարողության ձևավորմանը: 

Չնայած մեծահասակների հետ առկա որոշ տարաձայնություններին` դեռահասները, այնուամենայնիվ, նրանց հետ շփվելու պահանջ ունեն: Դեռահասները կարիք ունեն մեծերի հետ անկեղծ շփման, իրենց ապրումների, կյանքի կարևոր իրադարձությունների մասին պատմելու, սակայն նրանց համար դժվար է առաջինը սկսել այդ անկեղծ խոսակցությունը (8): Դեռահասի հանդեպ ծնողների դիրքորոշումն ու դաստիարակության համապատասխան ոճերը կարող են մեծապես վնասել նրա հետագա հոգեկան և սոցիալական զարգացման գործընթացին: Չի խրախուսվում դաստիարակության ավտորիտար, գերհոգատար կամ խիստ վերահսկող դիրքորոշումը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է բացասական ազդեցություն ունենալ հետագայում: Ավտորիտար դիրքորոշումը հանգեցնում է կա՛մ չափազանց ամոթխածության, անհամարձակության կա՛մ դաժան բնավորության ձեռքբերմանը: Խիստ հոգատար և վերահսկող վերաբերմունքի դեպքում երեխան դառնում է անվճռական, ինքնուրույնությունից զուրկ, անհամարձակ: Ուստի, ամենաշահեկան դիրքորոշումը մեծահասակի կողմից ընկերոջ կարգավիճակի ձեռքբերումն է, որը և՛ կօգնի երեխային հաղթահարելու դեռահասության ճգնաժամի դժվարությունները և՛ բարենպաստ հարաբերություններ հաստատել վերջինիս հետ:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել