OVIO ընկերությունը գործարկել է նոր OVIO Cloud ամպային ծառայությունը, որը կազմված է երկու կլաստերից` G-Cloud և B-Cloud:
G-Cloud կլաստերը նախատեսված է պետական հատվածի համար և ներառում է պետական մարմինների կարիքների համար նախատեսված ֆունկցիոնալ հնարավորություններ:
B-Cloud կլաստերը նախատեսված է բիզնեսի համար,  որի ֆունկցիոնալը հարմարեցված է բիզնեսի կարիքներին։
OVIO Cloud  ծառայությունը աշխատում է վերջին սերնդի Intel Xeon(R) Gold պրոցեսորներով, DDR5 օպերատիվ հիշողությամբ համալրված սերվերային համակարգում։ Տվյալների պահպանման համակարգը All-Flash է՝ բաղկացած արագագործ NVMe SSD-ներից։ Հիմնված լինելով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ֆիզիկական սերվերների վրա՝ OVIO Cloud ծառայությունը հնարավորություն է տալիս աշխատացնել բարձր ծանրաբեռնվածություն պահանջող ծրագրային ապահովումները իր ամպային ծառայության շրջանակում։ Ամպային հարթակի սերվերներին, բացի ինտերնետ հասանելիությունից, հնարավոր է նաև միացնել  տվյալների փոխանցման առանձնացված կապուղիներ։ Ամպային հարթակում հնարավոր է կատարել սերվերների պահուստային կրկնօրինակներ՝ ինքնասպասարկման պորտալի միջոցով։
«Ամպային ծառայությունները մեր ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ են զբաղեցնում, և OVIO Cloud ամպային ծառայության գործարկումը ռազմավարական առումով կարևոր քայլ ենք համարում։ Վերջինս հատկապես մեծ նշանակություն ունի պետական հատվածի համար, քանի որ նոր մակարդակի վրա է բարձրացնում տվյալների պահպանման հուսալիությունը։
OVIO Cloud ծառայության առավելություններից է նաև հաճախորդների ինքնասպասարկման պորտալը, որի միջոցով հաճախորդները հնարավորություն կունենան օնլայն տարբերակով կատարել փոփոխություններ ամպային ծառայությունների ծավալի և այլ պարամետրերի մասով» - նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը ամենախոշորն է տարածաշրջանում և կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է սնուցում էլեկտրամատակարարման երկու բարձրավոլտ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։
OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ունի 216 սերվերային պահարան, ընդհանուր 2  ՄգՎ հզորություն և կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխան։
Այն ապահովում է տվյալների անվտանգ մշակում և պահպանում մեծ և փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռք բերելու և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ մայրաքաղաք Երևանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել